«Զգուշացնում ենք, որ նման հրամանը ապօրինի է, հակասահմանադրական և խիստ պատժի է ենթակա». «Հայաքվե» Փաշինյանական քաղցր ու մահաբեր ստեր Ինչու են Սամվել Ալեքսանյանի որդուն բերման ենթարկել Մոսկվայում
19
Հայերը Փաշինյանի ավտոշարասյունն ազդանշաններով ու վաստակած «դա-վա-ճա՛ն» վանկարկումներով են «ողջունել» (տեսանյութ) Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին. նրան բերման ենթարկեցին (տեսանյութ) «Մենք միասնական ենք Ռուսաստանի հետ». հայ կամավորները շնորհավորել են Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ ԱԱԾ պեհեստազորի սպաները շնորհավորել են Պուտինին՝ վերընտրվելու առթիվ Բացահայտվել է Արաբկիրի շուկայի սեփականատերը (տեսանյութ) Ոսկեպարցիները Փաշինյանի ադրբեջանցիներին հանձնելու տարածք չունեն Փաշինյան. Երևանում ոչ մի բուհ չպետք է լինի... Թերևս, մնում է հայտարարի, որ Երևանն էլ չպետք է լինի Սահմանագծումը սկսել են Տավուշից, որ թշնամուն բերեն մեր զինվորի թիկունք. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Փաշինյանն իր «ախրանիկներով» «Էրեբունի» բիզնես կենտրոնում է․ ոստիկանները փնտրում են դավաճան գոռացող կնոջը (տեսանյութ) Եվ նորից՝ Կոմիտասի շուկայի մասին Պատերազմ Արցախում
Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի եղբայրները բիզնեսմեններ են Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում Ալիևը ցուցմունք տվեց Փաշինյանի դեմ, ԵՄ-ն ավետեց՝ Հայաստանը կտրվի Թուրքիայի կառավարմանը, թուրքական նվաճումը պոզով-պոչո՞վ է լինում. Վարուժան Գեղամյան Քաղբանտարկյալներ Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի և Մամիկոն Ասլանյանի պայքարի լուսանկարները՝ Երևանում Խնդիրը մեկն է՝ դժվարացնել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության ուղին․ Ոսկանյան «Զգուշացնում ենք, որ նման հրամանը ապօրինի է, հակասահմանադրական և խիստ պատժի է ենթակա». «Հայաքվե» Ըստ Փաշինյանի՝ 6-րդ դարի հայկական եկեղեցին ադրբեջանական է. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանը՝ լինելով թերուս և կիսագրագետ, դասակարգային ատելություն ունի գրագիտության և կրթության նկատմամբ. Լևոն Զուրաբյան Հարավային Օսիան և Աբխազիան Վրաստանի մաս են. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Հայերը Փաշինյանի ավտոշարասյունն ազդանշաններով ու վաստակած «դա-վա-ճա՛ն» վանկարկումներով են «ողջունել» (տեսանյութ) Փաշինյանի «ահաբեկչական» այցը Ոսկեպար Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին. նրան բերման ենթարկեցին (տեսանյութ) «Մենք միասնական ենք Ռուսաստանի հետ». հայ կամավորները շնորհավորել են Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Ադրբեջանցիներն ավերել են գետավանցի ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրը (լուսանկար) Սա զոռբա, տգիտության ձեռագիր է․ պատգամավորը՝ ակադեմիական քաղաքի մասին Հայտնել է, որ 4 գյուղերը պետք է անհապաղ հանձնել, այլապես պատերազմ կլինի․ Գառնիկ Դանիելյան ԱԱԾ պեհեստազորի սպաները շնորհավորել են Պուտինին՝ վերընտրվելու առթիվ Ոսկեպարում Փաշինյանին շատ սառն են ընդունել, վախեցրել է պատերազմով. Ոսկան Սարգսյան Ընդմիջումից հետո մենք ամեն ինչ շտկելու ենք. Մխիթարյան Փաշինյանական քաղցր ու մահաբեր ստեր Ինչու են Սամվել Ալեքսանյանի որդուն բերման ենթարկել Մոսկվայում Զանգեզուրի միջանցքը նույնպես պետք է բաց լինի․ Յըլդըրըմ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Մարտի 18-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է կարմրուկով վարակման 165 դեպք Հայաստանից մեկնել և չի վերադարձել ԼՂ-ում հաշվառված 7 825 քաղաքացի. Sputnik Արմենիա «Պատկերացնենք` Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա. ո՞ւմ է պաշտպանելու ՆԱՏՕ-ն». Վարուժան Գեղամյան Լավ հնարավորություններ կան Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու համար. Ալիև «Կրկնակի» նշագծումը Գայի պողոտայում երթևեկության խառնաշփոթ է ստեղծում. ահազանգում է Մանուկ Սուքիասյանը Բացահայտվել է Արաբկիրի շուկայի սեփականատերը (տեսանյութ) Խոշոր պայթյուն և փլուզում՝ Քանաքեռավանի գազալցակայանում․ աշխատակիցը մի քանի մետր շպրտվել է. նրա վիճակը ծայրահեղ ծանր է

Առաջին հանրապետության անկման պատճառների մասին. Մաս 3

Մաս 1

Մաս2 

«Քաղաքականությունը նման է հեքիաթային սֆինքսի. նա խժռում է բոլոր նրանց, ովքեր չեն կարողանում բացահայտել իր գաղտնիքները»:

Անտուան դե Ռիվարոլ

ֆրանսիացի հրապարակախոս, 16- րդ դ.

«Աղետավոր չէ կորուստներ ունենալը, շատ ավելի աղետավոր է վերագնահատումների անընդունակ լինելը: Առանց վերագնահատումների՝ անիմաստ է որոնումը, իսկ առանց որոնման՝ մեռնում է ոչ միայն ժողովրդի միտքը, այլ նաև ինքը՝ ժողովուրդը: Վերագնահատման պետք է ենթարկել ոչ միայն դեպքերի առարկայական բնույթը, այլ նաև, և գլխավորապես, մեր հոգևոր կյանքի ենթակայական տարրերը: Պիտի որոնենք, փնտրենք, գտնենք մեր դժբախտությունների իրական պատճառները, ճանաչենք մեր իսկական վերքերը, ախտորոշենք մեր ժողովրդի հոգին, որից հետո միայն խոսքը կարող է լինել բուժումի մասին»:

Գարեգին Նժդեհ

հայ ականավոր պետական և զինվորական գործիչ, 20 -րդ դ.

Նախաբան

Վերլուծելու համար Առաջին հանրապետության անկման պատճառները, նախ ներկայացնենք այն ժամանակվա պատմական քրոնիկոնը՝ ըստ ժամանակային փուլերի. 1920թ. ապրիլի Սան-Ռեմոյի կոնֆերանսից մինչև Սևրի պայմանագրի կնքումը 1920թ. օգոստոսի 10-ին, այնուհետև՝ 1920թ. օգոստոսի 10-ից մինչև նույն թվականի դեկտեմբերը, երբ Հայաստանում հաստատվեցին խորհրդային կարգերը:

1.Սան-Ռեմոյից դեպի Սևր ճանապարհին. անգլիացիների նպատակը

1920թ. ապրիլի 19-26-ն ընթացավ Անտանտայի երկրների կոնֆերանսը, որը քննարկեց Թուրքիայի հետ խաղաղ պայմանագիր կնքելու հարցը:

Նախ, առաջին անգամ բացահայտորեն բախվեցին եվրոպական գերտերությունների շահերը, հատկապես՝ Ֆրանսիայի և Անգլիայի միջև: Մասնավորապես, Անգլիային հաջողվեց ստանալ Պաղեստինի և Մոսուլի մանդատը, որը մինչ այդ նախատեսվում էր տալ ֆրանսիացիներին: Վերջիններս դժգոհ մնացին անգլիացիների կողմից «քցվելուց»՝ ստանալով միայն Սիրիայի և Լիբանանի մանդատները:

1920թ. հուլիսի 28-ին, այսինքն՝ Սևրի պայմանագիրը կնքվելուց 2 շաբաթ առաջ, Ֆրանսիայի Սենատում միջինարևելյան հարցերի ֆրանսիացի հայտնի փորձագետ Վիկտոր Բերարը նշում էր. «1916թ. մենք ունեինք Սիրիան, Կիլիկիան, Միջագետքը, Քրդստանի մի մասը և Պաղեստինի մեր մասնաբաժինը»:

4 տարի անց՝ պարոն Կլեմանսոն (Ֆրանսիայի վարչապետը) ճանապարհին կորցրեց Միջագետքը և Քրդստանը՝ հանձնելով Մոսուլը անգլիացիներին, իսկ Պաղեստինի ինտերնացիոնալ մանդատը դարձավ անգլիական:

Այսպիսով, պարզ երևում էր, որ Սան-Ռեմոյի կոնֆերանսի որոշումները հիասթափեցրել էին ֆրանսիացիներին: Գրեթե նույն կարծիքն ունեին նաև իտալացիները: Մասնավորապես, այդ երկրի վարչապետ Ֆրանչեսկո Նիտին այն ժամանակ նշում էր. «Սան-Ռեմոյի որոշումների հետևում թաքնված էին անգլիացիների նպատակները' միանձնյա տիրել Փոքր Ասիայի բնական հարստություններին»:

Այսպիսով, Սան-Ռեմոյի կոնֆերանսի որոշումների կայացման շարժիչը գտնվում էր անգլիացիների ձեռքում: Ֆրանսիացիներն ու իտալացիներն ունեին գրեթե «հարսանեկան գեներալների» կարգավիճակ:

Անգլիացիների կողմից այս ծրագրերի իրականացման գործիք էին համարվում հունական բանակն ու թուրքական սուլթանի խամաճիկային իշխանությունը:

Ըստ Սան-Ռեմոյի կոնֆերանսի որոշման՝ Թուրքիան պետք է դառնար փոքր կիսաանկախ երկիր՝ սուլթանի գլխավորությամբ (իսկ սուլթանն էլ, բնականաբար, պետք է կախման մեջ լիներ անգլիացիներից): Պետք է ստեղծվեր «ուժեղ և մեծ» Հունաստան, որն անգլիացիների գլխավոր ռազմավարական գործընկերն էր համարվելու: Թուրքիայից պետք է անջատվեին Պաղեստինը, Եգիպտոսը, Միջագետքը (որոնց խնամակալությունը պետք է վերցներ հենց Մեծ Բրիտանիան), Սիրիան և Լիբանանը (որոնք պետք է անցնեին ֆրանսիացիների խնամակալության տակ), Խիջազը (Սաուդյան Արաբիան) և Միացյալ Հայաստանը, իսկ Քրդստանը պետք է ստանար ինքնավարության կարգավիճակ:

Այսպիսով, ըստ-Սան Ռեմոյի կոնֆերանսի որոշման, ստեղծվելու էր նաև միացյալ հայկական պետություն՝ մոտ 160 000 քկմ տարածքով, որի մեջ ներառվելու էր Արևելյան Հայաստանը (մոտ 60 000 քկմ տարածքով) և թուրքահայկական 4 վիլայեթների մասերը՝ Վանը, Բիթլիսը, Էրզրումը և Տրապիզոնը:

Նախատեսվում էր, որ Միացյալ Հայաստանի սահմանները Թուրքիայի և Ադրբեջանի հետ ճշտվելու էին հետագայում՝ բանակցությունների միջոցով:

2.Ինչո՞ւ անգլիացիները հայերին այդքան մեծ տարածքներ նվիրեցին

Հիշեցնենք, որ անգլիացիները դեռևս 1919թ. գարնանը նշում էին, որ Վանն ու Բիթլիսը չպետք է լինեն Միացյալ Հայաստանի կազմի մեջ, քանզի դրանով կվտանգվի հայ-քրդական դաշինքի ձևավորումը: Նույնը նշում էին նաև Ղարաբաղի ու Զանգեզուրի մասին Հայաստանի արևելքում:

Ըստ անգլիացիների՝ իրական Միացյալ Հայաստան կարող էր ստեղծվել հետևյալ տարածքով. Արևելյան Հայաստան (առանց Զանգեզուրի և Ղարաբաղի) և Էրզրումի ու Տրապիզոնի վիլայեթները՝ ելքով դեպի Սև ծով։ Ընդհանուր տարածքը կկազմեր մոտավորապես 100 000 քկմ:

Ըստ անգլիական ստրատեգների՝ եթե հայերը համաձայնեին այդ ծրագրին, ապա հնարավոր էր ստեղծել ուժեղ Հայաստան, Քրդստան և Ադրբեջան: Հայ-քրդական դաշինքն ուղղված կլիներ ընդդեմ նոր ստեղծվող քեմալական շարժման, իսկ հայ- ադրբեջանական դաշինքն՝ ընդդեմ բոլշևիկյան Ռուսաստանի:

Այս նախագծի իրականացման դեպքում Մեծ Բրիտանիան դառնում էր գերհզոր տերություն՝ տարածաշրջանում իր ազդեցությունը տարածելով Ադրբեջանի, Հայաստանի, Քրդստանի և Վրաստանի վրա: Մոսուլն ու մյուս արաբական տարածքները նույնպես գտնվում էին անգլիացիների ազդեցության տակ: Իսկ Պարսկաստանը վաղուց էր գտնվում Մեծ Բրիտանիայի ազդեցության տակ և, բացի այդ, Հնդկաստանը Մեծ Բրիտանիայի գաղութն էր:

Անգլիացիների նպատակն էր նաև Ստամբուլում և Մոսկվայում հաստատել խամաճիկային վարչակարգեր: Ստամբուլում դա նրանց հաջողվել էր, մնացել էր բոլշևիկյան Մոսկվան, որի դեմ պատերազմում էր 14 երկրներից բաղկացած կոալիցիան:

Նշված ծրագրերի իրականացման դեպքում՝ Մեծ Բրիտանիան ձեռք էր բերում նաև նախկին Օսմանյան և Ռուսական կայսրությունների տարածքներն ու ազդեցության գոտիները: Եվ այս շրջաններում կարևորագույն օղակներից էր Հայաստանի դիրքորոշումը: Քանզի հայերից էին կախված քրդերի և ադրբեջանցիների կողմնորոշումները:

Պետք է նշել, որ անգլիացիների հավակնությունները դժգոհություն էին առաջացնում ոչ միայն թուրքերի ու ռուսների, այլ նաև ֆրանսիացիների, իտալացիների և նույնիսկ ամերիկացիների շրջանում: Անգլիացիների առաքելությանն այս տարածաշրջանում փաստացի խանդով էին վերաբերվում գրեթե բոլորը, քանզի ոչ ոք չէր ուզում, որ 1-ին համաշխարհային պատերազմի արդյունքից օգտվեր մեկ գերտերություն:

Ինչ վերաբերում է մեր խնդիրներին, ապա սույն հոդվածաշարին նախորդող 1-ին և 2-րդ մասերում մենք նշել էինք, որ հայ-քրդական և հայ-ադրբեջանական հնարավոր դաշինքները չկայացան։ Դա հասկանալով՝ 1919թ. վերջին անգլիացիները «ձեռքերը լվացին» և հեռացան Կովկասից: 1920թ. ապրիլին՝ Ադրբեջանի խորհրդայնացումից հետո, անգլիացիների գլխավոր ուշադրությունը Մոսուլն էր և հունական բանակի միջոցով քեմալական շարժումը ջարդելը:

Միացյալ Հայաստանն այլևս անգլիացիներին չէր հետաքրքրում: Ավելին, անգլիացիները չէին հավատում Հայաստանի կենսունակությանը: Մասնավորապես, Սան-Ռեմոյում Մեծ Բրիտանիայի վարչապետ Լլոյդ Ջորջը նշեց. «Եթե հայերը ի վիճակի չեն պաշտպանելու իրենց սահմանները, ապա այդպիսի ժողովրդից ոչ մի օգուտ չկա, և ոչ մի դաշնակից պատրաստ չի լինի պաշտպանելու հայերին նույնիսկ մեկ բատալիոնով»:

Իսկ երբ 1920թ. հունիսի 1-ին ԱՄՆ-ի Սենատը Հայաստանի մանդատը վերցնելու վերաբերյալ մերժեց նույնիսկ Վիլսոնի ծրագիրը, ապա նույն Մեծ Բրիտանիայի վարչապետ Լլոյդ Ջորջը նշեց. «Այդ պահից հետո անկախ հայկական պետությունը դարձավ անհույս նախագիծ»:

Հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչո՞ւ անգլիացիները Սան-Ռեմոյում որոշեցին և Սևրում հաստատեցին «Մեծ Հայաստանի» նախագիծը: Պատասխանն ակնհայտ է: Անգլիացիները վաղուց էին «ձեռքերը լվացել» հայերից, նրանց գլխավոր նպատակն էր դարձել գոնե «ժամանակավոր պատ ստեղծել քեմալական թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի միջև»: Այդ «ժամանակավոր պատի» դերը պետք է կատարեին հայերը և հայկական պետությունը:

Ադրբեջանի խորհրդայնացումից հետո ինչը՞ կարող էր կանգնեցնել հայերին՝ հրաժարվել ռուս-բոլշևիկյան կողմնորոշումից։ Դե իհարկե միմիայն գեղեցիկ փաթեթավորում ունեցող «կոնֆետը», որը տվյալ դեպքում հանդես էր գալիս 160 000 քկմ տարածք ունեցող հայկական պետության նախագծի տեսքով: Սա՛ էր Սևրի իրական դեմքը։

Անգլիացիները մեկ տարի առաջ, հայ քաղաքական վերնախավի հետ շփվելիս, հասկացան, որ հայերը «անուղղելի, ոչ իրատեսական ծրագրերին հավատացող ժողովուրդ են»: Սա անգլիացի փորձագետների գնահատականն էր:

Այսպիսով, Սան-Ռեմոյի կոնֆերանսի որոշումներով հայերին տրամադրվելիք «նվերը» ոչ այլ ինչ էր, քան պարզ «կաշառք», որպեսզի նրանք չընկնեն ռուսների «գիրկը», քանի որ պատմականորեն հայտնի էր հայերի ռուսասիրությունը: Պետք է նշել, որ անգլիացիների այս հնարքը փայլուն իրականացավ:

3.Հայ-ռուսական հարաբերություններն այդ ժամանակահատվածում

Սան-Ռեմոյի կոնֆերանսի որոշումներից ոգևորված, «Մեծ Հայաստանի» նախագծի իրականացման դարավոր երազանքին սպասելիս՝ Հայաստանի կառավարությունը որոշում ընդունեց հարաբերությունները բարելավել նաև Ռուսաստանի հետ: Դա հատկապես արդիական էր այն պատճառով, որ 1920թ. ապրիլին Ադրբեջանը խորհրդայնացվեց, մայիսին բոլշևիկյան ապստամբությունը Հայաստանում ճնշվեց, և Կարմիր բանակը գտնվում էր Հայաստանի անմիջական սահմանների մոտ: Դեռ ավելին, մայիսին, բոլշևիկների պահանջով, հայկական զորքերը դուրս բերվեցին Ղարաբաղից: Բոլշևիկները պատրաստվում էին գրավել նաև Զանգեզուրն ու Նախիջևանը:

Կանգնած լինելով այս մարտահրավերների առաջ՝ Հայաստանի կառավարությունը, 1920թ. մայիսի վերջին, կառավարական պատվիրակություն ուղարկեց Մոսկվա՝ Լևոն Շանթի գլխավորությամբ, որի նպատակն էր բանակցությունների միջոցով խաղաղ պայմանագիր կնքել Խորհրդային Ռուսաստանի հետ:

Հայկական պատվիրակության պայմանները հետևյալն էին.

Խորհրդային Ռուսաստանը պետք է ճանաչի Հայաստանի անկախությունը, իսկ հայկական պետական սահմանների մեջ պիտի ներառվի Ղարաբաղը:
Խորհրդային Ռուսաստանը սկզբունքորեն պետք է ճանաչի թուրքահայաստանի տարածքների միացումը նոր ստեղծված հայկական պետությանը:
Խորհրդային Ռուսաստանը չպետք է միջամտի Հայաստանի ներքին գործերին և բուն Հայաստանում չպետք է զբաղվի բոլշևիկների աջակցությամբ:
Խորհրդային Ռուսաստանը պետք է թույլ տա, որպեսզի Հյուսիսային Կովկասի և Ռուսաստանի հայ փախստականները վերադառնան Հայաստան:
Ռուսաստանի կողմից բանակցությունները վարում էին արտաքին գործերի կոմիսար Չիչերինը և նրա տեղակալ հայազգի Կարախանը:

Ռուսները նշում էին, որ սկզբունքորեն «հասկանում են» հայկական պահանջները Ղարաբաղի նկատմամբ՝ ակնարկելով, որ չնայած ադրբեջանցիների դժգոհությանը՝ իրենք կարող են ընդունել հայերի առաջարկը: Հայկական պետությանը արևմտահայկական տարածքների միացմանը նույնպես ռուսները ըմբռնումով էին վերաբերվում։ Սակայն այստեղ Չեչերինն առաջարկում էր առաջնորդվել այսպես կոչված էթնոգրաֆիկ սահմանների սկզբունքով: Այսինքն, մինչև 1914թ. որ տարածքում որ ազգությունը մեծամասնություն է կազմել, այդ տարածքն էլ պիտի անցնի կա՛մ Թուրքիային, կա՛մ էլ Հայաստանին:

Հայկական կողմն այդ սկզբունքը ընդունում էր, քանզի դա բխում էր հայկական շահերից, մինչդեռ թուրքական կողմը, որը նույնպես գտնվում էր Մոսկվայում, կտրականապես մերժում էր այդ սկզբունքը' պահանջելով, որ հայ- թուրքական սահմանը համապատասխանի Բրեստ-Լիտովսկում կնքած պայմանագրին:

Ռուսները պատրաստ էին նաև ճանաչել Հայաստանի պետականությունը: Սակայն այս ամենի փոխարեն, որպեսզի Մոսկվան հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններում միջնորդի դեր կատարի, նրանք Հայաստանից պահանջում էին հրաժարվել արևմտյան կողմնորոշումից, այսինքն՝ դուրս գալ անգլիացիների հակաբոլշևիկյան կոալիցիայից և մերժել Սան-Ռեմոյի կոնֆերանսի որոշումները:

Փաստացի, Մոսկվան հայերին առաջարկում էր ընդունել ռուսական կողմնորոշումը՝ թուրքերի և ադրբեջանցիների պես, որպեսզի հայ-թուրքական և հայ-ադրբեջանական վեճերում հայերը պարտված կողմ չլինեն: Հայերը մերժեցին Չիչերինի այս առաջարկը. չէին կարող հրաժարվել Սան-Ռեմոյում կայացած «Մեծ Հայաստանի» նախագծից, քանզի դա հայ ժողովրդի դարավոր երազանքն էր:

Հայ քաղաքական գործիչների տրամաբանությունը հետևյալն էր: Անգլիացիները մեզ առաջարկում են 160 000 քկմ տարածքով որոշակի Հայաստան՝ ելքով դեպի Սև ծով։ Մինչդեռ ռուսները խոստանում են «ընդամենը միջնորդել, աջակցել» հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններում:

Իրականում անգլիացիները ռուսների վիճակի մեջ էին 1919թ.-ին, երբ հայերը մերժեցին իրենց ծրագրերը, իսկ 1920թ. ապրիլին Սան-Ռեմոյում, երբ արդեն անգլիացիները հայերի հանդեպ ոչ մի հետաքրքրություն չունեին, առաջ էին քաշել «Հեքիաթային Հայաստանի» գաղափարը։ Եվ այս պարզ ճշմարտությունը մեր գործիչներն այդպես էլ չհասկացան: Ինչևիցե;

Շանթի առաքելությունը Մոսկվայում հասկանալի պատճառներով հաջողությամբ չպսակվեց, և 1920թ. հունիս-հուլիս ամիսներին Կարմիր բանակը գրավեց Զանգեզուրն ու Նախիջևանը:

Քեմալական բանակն իր կողմից պատրաստ էր ներխուժել Հայաստան, սպասում էր միայն Մոսկվայի համաձայնությանը: Վերջինս այդ համաձայնությունը չտվեց՝ համաձայնելով, որ թուրքական բանակը գրավի միայն Սարիղամիշի տարածքը, որպեսզի կապ ստեղծվի Նախիջևանում հաստատված Կարմիր բանակի հետ: Բացի այդ, Անատոլիայի արևմտյան ճակատում հունական բանակի գրոհը թուրքերին ստիպեց հետաձգել հարձակումը Հայաստանի վրա: Ռուսները, իրենց հերթին, Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի գրավումից հետո դեռևս հույսը չէին կորցրել, որ հայերին կստիպեն հրաժարվել արևմտյան կողմնորոշումից: Այդ նպատակով 1920թ. հուլիսին որոշեցին Հայաստան ուղարկել, բանակցությունները շարունակելու նպատակով, դիվանագիտական ներկայացուցչություն՝ դեսպան Լեգրանի գլխավորությամբ:

Հայկական կողմը Լեգրանի հետ բանակցությունները ձգձգում էր մինչև Սևրի պայմանագրի ստորագրումը՝ մտավախություն ունենալով, թե ռուսների հետ համաձայնագիրը արևմտյան տիրույթների շրջանակներում կարող է խանգարել հայկական գործին:

1920թ. օգոստոսի 10-ին վերջապես կնքվեց Սևրի պայմանագիրը, որի համաձայն՝ հայկական պետությունն ստանում էր մոտ 160 000 քկմ տարածք՝ ելքով դեպի Սև ծով: Միաժամանակ նույն օրը՝ օգոստոսի 10-ին, Թիֆլիսում Հայաստանի Հանրապետության և Խորհրդային Ռուսաստանի միջև կնքվեց համաձայնագիր, ըստ որի.

Խորհրդային Ռուսաստանը ճանաչում է Հայաստանի անկախությունը:
Հայաստանն ըմբռնումով է ընդունում, որ Կարմիր բանակը ժամանակավորապես տեղակայված կլինի Ղարաբաղում, Զանգեզուրում, Նախիջևանում, մինչև որ խաղաղ պայմանագիր կնքվի Հայաստանի Հանրապետության և Խորհրդային Ռուսաստանի միջև, որտեղ կհստակեցվեն Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի պատկանելության հարցերը:
Փաստացի, Հայաստանը համաձայնում էր Կարմիր բանակի և քեմալական ուժերի միջև ժամանակավորապես ցամաքային կապ հաստատելուն:
Այսպիսով, 1920թ. օգոստոսի 10-ին՝ նույն օրը, ստորագրվեց և՛ Սևրի պայմանագիրը, և՛ Հայաստանի ու Խորհրդային Ռուսաստանի միջև համաձայնագիրը:

Այս քայլերով Հայաստանի կառավարությունը փորձեց սիրաշահել և՛ անգլիացիներին, և՛ ռուսներին, սակայն գործնականում Երևանը խորացրեց իր անդունդը և՛ Լոնդոնի, և՛ Մոսկվայի հետ: Դատեք ինքներդ. Սևրի պայմանագիրը կնքելով՝ Հայաստանը փաստացի իրեն համարում էր հակաթուրքական և հակաբոլշևիկյան ալյանսի անդամ՝ թիրախ դառնալով ոչ միայն Քեմալական Թուրքիայի, այլ նաև Բոլշևիկյան Ռուսաստանի համար: Իսկ միաժամանակ Խորհրդային Ռուսաստանի հետ կնքելով համաձայնագիր և ցամաքային կապ տրամադրելով Բոլշևիկյան Ռուսաստանի և Քեմալական Թուրքիայի միջև, նա դավաճանում էր իր դաշնակիցներին և մասնավորապես՝ Անգլիային: Այսպիսով, Երևանի այս պահվածքից խիստ դժգոհ մնացին և՛ Անկարան, և՛ Մոսկվան, և՛ Լոնդոնը: Իսկ դրա հետևանքները շատ չուշացան: Ընդամենը 4 ամիս անց Հայաստանը կորցրեց և՛ իր տարածքները, և՛ պետականությունը:

Եզրակացություններ

Տարածված տեսակետ կա, որ եթե 1920թ. մայիսին բոլշևիկյան ապստամբությունը հաջողությամբ պսակվեր, ապա Հայաստանը չէր ունենա այն տարածքային կորուստները, որոնք ունեցավ Առաջին հանրապետության անկումից հետո: Այս տեսակետը զուրկ է տրամաբանությունից, քանզի այն ժամանակ ռուս բոլշևիկները հայերից չէին պահանջում բոլշևիկյան կարգերի հաստատում: Նրանք նույնիսկ չաջակցեցին մայիսյան բոլշևիկյան ավանտյուրային: Այդպիսի խնդիր ռուսների կողմից չկար: Նրանք պահանջում էին մեկ բան. հրաժարվել հակառուսական բնույթ ունեցող արևմտամետ կողմնորոշումից: Այն ժամանակվա Երևանը դրանց պատասխանեց մերժումով:
Հայ պատմագրության մեջ լայնորեն տարածված է այն տեսակետը, թե իբր Մոսկվայում Շանթ-Չիչերին բանակցությունների անհաջողության գլխավոր մեղավորը թուրքերն էին, ադրբեջանցիները և հայ բոլշևիկները, որոնք ամեն ինչ արեցին, որպեսզի հայ-ռուսական բանակցությունները տապալվեն: Այստեղ էլ երկրորդական հարցերը չեն տարբերվում գլխավորից: Իհարկե, թուրքերն ու ադրբեջանցիները պետք է խանգարեին, և ով չգիտի, որ հայ բոլշևիկների մեծ մասը չէր փայլում հայրենասիրությամբ: Սակայն հայ պատմագրությունը անցնում է գլխավոր խնդիրի կողքով: Այն է՝ ռուսները հայերից պահանջում էին փոխել իրենց կողմնորոշումը: Ինչպե՞ս կարող էին ռուս բոլշևիկները բավարարել հակաբոլշևիկյան ալյանսում գտնվող Հայաստանի պահանջները։ Ի վերջո, ինքնախաբեությունն էլ սահմաններ պետք է ունենա:
Հաջորդ տարածված տեսակետն այն է, թե ռուս-թուրքական դաշինքն անխուսափելի էր, և ինչպիսի դիրքորոշում էլ հայերն ունենային, ռուսները, հանուն թուրքերի հետ դաշինք կնքելու, միևնույնն է, զոհաբերելու էին հայկական շահերը: Սա նույնպես չի համապատասխանում իրականությանը: 1920թ. ամռանը քեմալականները պատերազմի մեջ էին հույների հետ, ռուս-հայկական համատեղ պահանջների առաջ անզոր էին և ստիպված էին զիջումների գնալ: Ճիշտ է, Հայաստանը Սևրի պայմանագրի չափ տարածք չէր կարող ձեռք բերել արևելյան Անատոլիայում, սակայն առնվազն դրա կեսը մենք կունենայինք: Ինչ վերաբերում է Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի հարցին, ապա այստեղ էլ ամեն ինչ կախված էր նրանից, թե ինչ զիջումներ կարող էր անել Մոսկվան հայերին: Օրինակ, եթե մենք համաձայնեինք խորհրդային կարգերի հաստատմանը, ապա չէր բացառվում, որ դրա դիմաց կստանայինք և՛ Ղարաբաղը, և՛ Զանգեզուրը, և՛ Նախիջևանը: Այս խնդիրները կախված են լինում ոչ թե այս կամ այն ազգի հանդեպ համակրանքից, այլ այն բանից, թե ինչ են իրենցից ներկայացնում Հայաստանն ու Ադրբեջանը: Ադրբեջանի խորհրդայնացման գինը պարզ էր: Քեմալականները և ադրբեջանցի պանթուրքիստները գնացին այդ քայլին, որպեսզի դրա դիմաց ստանան աջակցություն Մոսկվայից: Եվ հենց այդպես էլ եղավ: Փաստորեն, ռուսներին զոհաբերելով Ադրբեջանը՝ Թուրքիան փրկվեց: Հայաստանի խորհրդայնացման գինը անհայտ էր: Եվ այդ անհայտության տիրույթում ռուս բոլշևիկներն ունեին մանևրելու լայն դաշտ:
Տեսակետ էլ կա, թե իբր հայերը կարող էին ինքնուրույն լեզու գտնել թուրքերի հետ: Այս տեսակետը նույնպես իրատեսական չէր, քանզի քեմալականներն ընդունել էին իրենց «ազգային ուխտը» և ոչ մի մետր տարածք չէին զիջելու հայերին: Դա կարող էր արվել կա՛մ ուժով, կա՛մ քաղաքական պարտադրանքով: Ո՛չ առաջինը, ո՛չ էլ երկրորդը հայերն այդ պահին չունեին:
1919թ. մենք մերժեցինք անգլիացիներին, 1920թ. ամռանը փաստացի մերժեցինք ռուսներին՝ ստորագրելով Սևրի պայմանագիրը, որն ուղղված էր Քեմալական Թուրքիայի և Բոլշևիկյան Ռուսաստանի դեմ և որի հետևանքով ընդամենը մի քանի ամիս անց այդ երկու ուժերի հարվածի տակ ընկնելով՝ կորցրեցինք և՛ տարածքները, և՛ պետականությունը: Այսպիսով, մենք արհամարհեցինք պետականության կառուցման մեզ առաջարկվող իրատեսական նախագծերը, փոխարենը հրապուրվեցինք «վիրտուալ Հայաստանի» գաղափարով՝ թիրախ դառնալով երկու հզոր ուժերի համար:
Մեր պատմագրության մեջ Սևրի պայմանագիրը հպարտությամբ է նշվում։ Մինչդեռ դրա համար ոչ թե հպարտանալ է պետք, այլ ամաչել, քանզի այդ չարաբաստիկ վիրտուալ պայմանագրի պատճառով՝ մենք կորցրեցինք որոշակի տարածքներ և պետականություն:
Ինչպես ասում էր հայտնի ռուս փիլիսոփա Իվան Սոլոնևիչը. «Ցանկացած ժողովրդի պատմություն զարգանում է մաթեմաթիկայում հայտնի «մեծ թվերի օրենքով»: Կան ժողովուրդներ, որոնց զարգացումը բերում է նրանց հզորացման։ Կան ժողովուրդներ, որոնց զարգացումն աշխարհը չի նկատում։ Եվ կան ժողովուրդներ, որոնք անընդհատ զբաղված են ինքնասպանությամբ»:

Բժշկության մեջ հայտնի է, որ մի քանի անգամ ինֆարկտ տարած մարդն սկսում է ավելի զգույշ ապրել՝ գիտակցելով, որ հաջորդ հերթական ինֆարկտը կարող է ճակատագրական լինել իր համար:

Եթե վերադառնանք մեր ժողովրդի պատմությանը, ապա կարող ենք նկատել, որ մոտ 300 000 քկմ երբեմնի տարածք ունեցող երկրից դարձել ենք շուրջ 40 000 քկմ (Հայաստան-Արցախ) տարածք ունեցող փոքր ժողովուրդ: Մենք մեր պատմության մեջ այնքան «ինֆարկտներ» ենք ապրել, որ հաջորդը կարող է ճակատագրական լինել:

Երվանդ Բոզոյան

«Դիալոգ» հայկական փորձագիտական կազմակերպության նախագահ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan