Սամվել Բաբայանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդություն ներկայացվեց դատարանում. Տեսանյութ
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը․ հարցաքննվել է Սամվել Բաբայանը։
Նա դատարանում ևս հայտարարել է, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
Հարցաքննությունից հետո Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանն իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը փոխելու և դատարանից ազատ արձակելու միջնորդություն է ներկայացրել։ Որպես հիմնավորում նա նշել է, որ դատարանում ավարտվել են ապացույցների հետազոտման և վկաների հարցաքննության փուլերը, և կալանքը փոխելու միջնորդությունը մերժելու դատարանի նախորդ որոշման հիմքերը, թե Սամվել Բաբայանը կարող է ազդել վկաների, մասնավորապես՝ Աշոտ Շուշանյանի ցուցմունքների վրա, այլևս առոչինչ են։
Այս պահին դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։ Սամվել Բաբայանի կալանքը փոխելու միջնորդության հետ կապված որոշումը կհրապարակվի այսօր՝ 16:00-ին։
Իսկ դատական հաջորդ նիստը կշարունակվի նոյեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ին։