Ցանկացած տարածքի հանձնում կհանգեցնի պատերազմի. Արցախը պատրաստ չէ ոչ մի տարածք զիջել. Վլադիմիր Եվսեև
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Հայաստան-Սփյուռք» համաժողովի ժամանակ Հայաստանի արտաքին գործերի նախարար էդվարդ Նալբանդյանը, խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին, անդրադարձել էր նաև ԼՂ հարակից տարածքների վերադարձի հարցին:
«Խոսքն այն տարածքների վերադարձի մասին է, որոնց վերադարձի դեպքում այս ամբողջ հիմնախնդրի կարգավորմանը և անվտանգության համակարգին վնաս չի հասցվելու և սպառնալիքի տակ չի դնելու հանգուցալուծումը»,- պարզաբանել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը:
Հետաքրքիրն այն է, որ ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարի հայտարարությանը հետևեցին Արցախի պաշտոնյաների հայտարարությունները, ովքեր միաբերան նշում էին, թե Արցախում այնպիսի տարածքներ չկան, որոնց վերադարձի դեպքում անվտանգության համակարգին վնաս չի հասցվի: Երեկ էլ «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում Նալբանդյանը նշել է, թե ինքը խոսել է հայտնի երեք սկզբունքների և վեց տարրերի մասին: Որքան էլ արտաքին գերատեսչության ղեկավարը փորձում է արդարանալ և սրբագրել իրեն, ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է, թե առանց հստակ երաշխիքների և վստահության ամրապնդման՝ նման քայլի դիմելը սխալ է:
-Պարոն Եվսեև, ՀՀ արտաքին գործերի նախարարն իր ելույթում խոսել էր այն տարածքների վերադարձի մասին, որոնք անվտանգությանը վնաս չեն հասցնելու: Որպես ռազմական փորձագետ՝ կարո՞ղ եք ասել՝ կա՞ն արդյոք Արցախում նման տարածքներ:
-Իհարկե, այդպիսի տարածքներ չկան, քանի որ հենց անվտանգության նկատառումներից ելնելով՝ ամեն ինչ կազմված է, գրված և թեկուզ փոքր խաթարումը կարող է ավելի վատ հետևանքների հանգեցնել: Կարծում եմ, որ առկա իրավիճակի, Ադրբեջանի հռետորաբանության և վարքագծի ֆոնին ցանկացած տարածքի հանձնում կհանգեցնի բացառապես իրավիճակի էլ ավելի թեժացման և մարտական գործողությունների վերսկսման, ինչը Ռուսաստանի համար անթույլատրելի է: Եվ ես ինչքանով հասկացա, Արցախը պատրաստ չէ ոչ մի տարածք զիջել»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: