Իշխանությունը որոշել է բժշկությունը թանկացնել
Առողջապահության նախարարությունը որոշել է քննարկում անել եւ հրավիրել է առողջապահական կազմակերպությունների տնօրեններին Առողջապահության ազգային ինստիտուտ։ Թեման առողջապահական ծառայություններն ավելացված արժեքի հարկով հարկելու մասին մտադրությունն է, որով իշխանությունն ուզում է բյուջեն լցնել։ Սակայն դա կարող է խիստ թանկացնել ծառայությունները եւ սոցիալական ծանր վիճակ ստեղծել անապահով խավի համար։
Գրություն են ուղարկել բժշկական հիմնարկներին․
«Տեղեկացնում եմ Ձեզ, որ ՀՀ վարչապետի 30.12.2020թ-ի N 1455-Լ որոշմամբ նախատեսվող հարկային քաղաքականության ճեղքի կրճատմանն ուղղված միջոցառումների շրջանակներում նախատեսվում է նաև առողջապահական ծառայությունների նկատմամբ ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) կիրառման արտոնության չեղարկում: Առողջապահության նախարարությունը, կարևորելով բժշկական ծառայությունների ֆինանսական մատչելիության և վճարովի ծառայություններ ստացող բնակչության ֆինանսական պաշտպանվածության ապահովումը, նախատեսում է կազմակերպել աշխատանքային քննարկում` առողջապահական կազմակերպությունների տնօրենների և ֆինանսական գծով պատասխանատուների մասնակցությամբ, որը տեղի կունենա սույն թվականի մարտի 31-ին ժամը 16:00-ին Առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ում: Խնդրում եմ ապահովել Ձեր կազմակերպությունների վերոնշյալ անձանց մասնակցությունը»: