Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, պատերազմում ծանր վիրավորված Ջալալ Հարությունյանին այսօր Հայաստանի իշխանությունները պաշտոն են տվել՝ նշանակելով ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ։ Նրա այս նշանակումն արդեն իսկ կրքեր է բորբոքել, որ Ջալալ Հարությունյանին, փաստորեն, պաշտոն տվեցին, որ նա էլ լռի ու չխոսի։

Իսկ ի՞նչ է մտածում այս նշանակման մասին, հարցրինք գործող իշխանություններին բուռն քննադատող պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին։

«Ես առաջին հերթին մարդկային առումով, և որպես նախկին իմ ծառայակից և մարտական ընկերոջ արժանիքները հաշվի առնելով՝ նորմալ եմ համարում, որովհետև Ջալալը մեր զինված ուժերի գրագետ, բանիմաց սպաներից մեկն է, և կարծում եմ, որ ինքը գործող բանակում եղել է մինչև վիրավորվելը, մարտական գործողությունները ղեկավարել է, այնուհետև ապաքինվելուց հետո գտնվել է կադրերի տրամադրության տակ, և նրա նշանակումը դիտարկում եմ զինված ուժերի կադրային քաղաքականության շրջանակներում»,-ասաց պարոն Օհանյանը։

-Իսկ քաղաքական իմաստով ինչպե՞ս եք գնահատում։

-Ի՞նչ նկատի ունեք։

-Նկատի ունեմ այն, որ շատերը սպասում էին, որ Ջալալ Հարությունյանը ապաքինվելուց հետո շատ բան կունենա ասելու, պատմելու պատերազմում թույլ տրված սխալների, խնդիրների հետ կապված, բայց նրան նշանակում են ՊՆ-ում բարձր պաշտոնի՝ գուցե նաև դրանով լռեցնելով նրան։

-Դե, էդ հարցերը պետք է տալ արդեն Ջալալին, ես իրենց էսօրվա հարաբերություններին ղեկավարության հետ չեմ տիրապետում, չեմ կարող ասել։

-Բայց նույն կերպ Ձեզ էլ կարող էին առաջարկել պաշտոն, որպեսզի Դուք էլ լռեիք, չխոսեիք, չբարձրաձայնեիք խնդիրների մասին, բայց տեսնում ենք, որ եզակի սպաներից եք, որ խոսում եք ու չեք լռում։

-Դուք չպետք է մոռանաք, որ ես արդեն 4 տարի է՝ որևիցե պետական պաշտոնի չեմ, և դեռևս 2016 թվականի հոկտեմբեր ամսին եմ մերժել բոլոր այն առաջարկությունները, երբ որ ինձ կառավարության կազմում չէին ընդգրկել՝ Անվտանգության խորհրդի քարտուղար և այլ բարձր պաշտոններ, այսինքն՝ ես այն անձնավորություններից եմ, որը փոփոխությունների կողմնակից է և փոփոխություններն են զարգացման հիմք հանդիսանում։ Ե՛ւ 2016 թվականին եմ դրա կողմնակիցը եղել, և՛, առավելևս, այսօրվա այս, կարելի է ասել, ողբերգական ու նաև խայտառակ պարտությունից հետո։

-Այդ դեպքում ի՞նչը կարող էր ստիպել, որ Ջալալ Հարությունյանն էլ գնար այս ճանապարհով։

-Դե, Ջալալ Հարությունյանը բանակի գործող գեներալ է, էդ հարցը պետք է տալ իրեն, ես չեմ կարծում, թե գործող բանակի գեներալները պետք է քաղաքականությունից զերծ լինեն և, միևնույն ժամանակ, ինքնուրույն որոշումներ պետք է կայացնեն։ Ինքն ունի իր գնահատականը, ես իրեն՝ որպես անձնավորություն,հարգում եմ, և էդ հարցերը պետք է իրեն ուղղեք։

-Պարզապես ստացվում է, որ հերթով բոլոր կարևոր ֆիգուրները, որոնք պատերազմում մասնակցություն են ունեցել և կարող էին շատ բան խոսել, ստացվում է՝ այս ձևով մեկուսացվում են, որ չխոսեն։

-Դե, գիտե՞ք, պետք է հարց տալ՝ իսկ Ջալալը խոսելու բան ունի՞, էդ հարցերը պետք է տալ Ջալալին։ Ջալալն ունի իր վերլուծությունները, իր մեկնաբանությունները, և իր գնահատանքի արդյունքում է իր ճակատագրին վերաբերող որոշումներ ընդունում։