ՌԴ-ն համոզված է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կկարգավորեն ԼՂ-ի շուրջ իրավիճակը՝ ի շահ հայ և ադրբեջանցի ժողովուրդների և նրանց բոլոր հարևանների. Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հատուկ ուշադրությամբ ուսումնասիրել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Սերգեյ Լավրովը այս մասին նշել է հանդիպմանը հաջորդած ասուլիսին:
«Մենք հատուկ ուշադրությամբ ենք դիտարկել Լեռնային Ղարաբաղի իրադրությունը՝ հաշվի առնելով այն ջանքերը, որոնք ձեռնարկվել են Ռուսաստանի կողմից, որոնց շնորհիվ անցյալ տարվա նոյեմբերի 9-ին հնարավոր է եղել հասնել ամբողջությամբ կրակը դադարեցնելուն: Մենք նաև պատմեցինք այն պայմանավորվածությունների մասին, որոնք Մոսկվայում հունվարի 11-ին ընդունեցին Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահները և Հայաստանի վարչապետը, որտեղ խոսքը վերաբերում էր Հարավային Կովկասում բոլոր տնտեսական, տրանսպորտային և այլ կապերի ապաշրջափակման ուղղությամբ համագործակցությանը` տարածաշրջանի երկրների և նրանց բոլոր հարևանների մասնակցությամբ, ներառյալ Իրանի Իսլամական Հանրապետության: Եվ մենք համոզված ենք, որ այդ աշխատանքը թույլ կտա վերջնականապես կարգավորել իրավիճակի մնացած քաղաքական ասպեկտները Լեռնային Ղարաբաղի շուրջ արդար հիմունքներով՝ ի շահ հայ և ադրբեջանցի ժողովուրդների և, իհարկե, ի շահ նրանց բոլոր հարևանների»,- ասել է Լավրովը: