Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան
28
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Ժամեր անց հանրահավաք է՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով Պատերազմ Արցախում
«Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականների սիրտը վախ է ընկել Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Իրական Հայաստանը հիմա դարձնում են պատմական Հայաստան. Վարդան Ոսկանյան (տեսանյութ) Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի (տեսանյութ) Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ)

Միքայել Մելքումյան. Հայաստանի Հանրապետության տնտեսական և քաղաքական մարտահրավերների հարցի շուրջ

Zham.am-ը ներկայացնում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատվամավոր Միքայել Մելքումյանի և ընկերներ փորձագիտական խումբի հոդվածը:

Վերջին երկուսուկես տարիների ընթացքում ՀՀ կառավարության ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությունն ընդգծվեց բացթողումների և մի շարք ձախողումների առատությամբ: Դրանք վերաբերում են ինչպես արտաքին քաղաքականությանը, գործընկեր երկրների հետ հարաբերություններին, դաշնակցային և ռազմավարական գործընկերության զարգացմանը, այնպես էլ երկրի սոցիալ-տնտեսական կյանքին, իրավական պետության կառուցման հենասյուներին, սահմանադրականության, դատական համակարգի նկատմամբ հասարակության հարգանքի և վստահության ձևավորմանը:

Ստորև ներկայացվում է վերոհիշյալ ուղղություններով կառավարության իրականացրած քայլերի վերլուծությունն ու գնահատականը:

ՀՀ արտաքին քաղաքականության բացթողումները  հեղափոխությունից հետո:

2018թ. հեղափոխությունից հետո ՀՀ նոր իշխանությունների կողմից իրականացված անհեռատես ներքին և արտաքին քաղաքականությունը ազդեց մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության, հարևան, տարածաշրջանային կարևոր գործընկեր և պանթուրքիստական ծրագրերին հակակշռող Իրանի իսլամական հանրապետության, Չինաստանի և այլ պետությունների հետ ՀՀ ունեցած ռազմավարական, բարիդրացիական հարաբերությունների վրա: Պետք է արձանագրել, և դեպքերի հետագա ընթացքի ուսումնասիրությունը նույնպես ցույց է տալիս, որ դա արվեց ոչ թե և ոչ այնքան նոր իշխանությունների անփորձության, որքան հետևողականորեն իրականացվող քաղաքականության պատճառով:

Չնայած հեղափոխության ժամանակ տրված հավաստիացումներին առ այն, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները հեղափոխության արդյունքում չեն տուժելու, այլ ընդհակառակը՝ ավելի բարձր մակարդակի հարաբերություններ են կառուցվելու, գործնականում ականատես եղանք ճիշտ հակառակ պատկերի: Հեղափոխությունից հետո իրականացված կադրային քաղաքականության արդյունքում պետական կառավարման համակարգում բարձր պաշտոններ ստացան մարդիկ, ովքեր հեղափոխությունից մի քանի տարի առաջ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առջև բողոքի ակցիաներ էին կազմակերպում և իրականացնում: 2019թ. հոկտեմբերի 9-ին Երևանում անցկացվեց ԵԱՏՄ հերթական գագաթնաժողովը, և հրավիրված երկրների ղեկավարներն ականատես եղան ակնհայտ արհամարհական վերաբերմունքի դրսևորման ՌԴ նախագահի նկատմամբ: Դեռևս 2018թ. սեպտեմբերին, ՌԴ կատարած պաշտոնական այցի շրջանակներում, Վ. Պուտինի հետ հանդիպման ժամանակ Ն. Փաշինյանը, կարևորելով հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները, միաժամանակ նշեց, որ երկկողմ հարաբերությունները տեսնում է նաև իբրև միմյանց գործերին չմիջամտելու և ինքնիշխանության սկզբունքի վրա կառուցված հարաբերություններ, ինչը Մոսկվայում միանշանակ չընկալվեց:

2018թ. հեղափոխությունից հետո Իրանի հետ հարաբերությունները ևս տրանսֆորմացիայի ենթարկվեցին, ինչի արդյունքում մեր հարավային հարևանը սկսեց չվստահել ՀՀ իշխանություններին: Ն. Փաշինյանը հայ-իրանական հարաբերություններում սկսեց չափից ավելի կարևորել այդ հարցում երրորդ երկրների, հատկապես ԱՄՆ-ի իշխանությունների ունեցած դիրքորոշումը՝ մոռացության տալով այն հանգամանքը, որ Իրանը մեր ամենից վստահելի հարևանն է, ում միջոցով ապահովվում է դեպի Պարսից ծոցի տաք ծովային նավահանգիստներ ՀՀ անխափան ուղին:

2018թ. հոկտեմբերի 26-ին ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը դեպի Հարավային Կովկաս տարածաշրջանային այցի շրջանակներում եղավ նաև Երևանում, հանդիպեց Ն. Փաշինյանին և անվտանգության խորհրդի քարտուղար Ա. Գրիգորյանին: Բոլթոնը, ով Իրանի նկատմամբ կոշտ քաղաքականության կողմնակից է, իր այցի շրջանակներում հայտարարեց, որ ԱՄՆ-ը ցանկանում է առավելագույն ճնշում գործադրել Իրանի վրա և այս առումով հայ-իրանական սահմանը լուրջ խնդիր կլինի: Այլ կերպ ասած՝ ԱՄՆ-ը ցանկանում է երաշխիքներ ստանալ ՀՀ ներկա իշխանություններից, որ Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու որոշիչ պահին ՀՀ իշխանությունները կփակեն հայ-իրանական սահմանը՝ վերջինիս լիարժեք շրջափակման ենթարկելու համար:

Այս այցից մի քանի օր անց, 2018թ. նոյեմբերի 1-ին, ԱԺ-ում պատասխանելով ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի հարցին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյանը նշեց, որ «... որ հայ-իրանական սահմանը, օրինակ, ամեն պահի կարող է դե-ֆակտո փակվել ԱՄՆ-ի և Իրանի հետ հարաբերությունների և մնացած աշխարհաքաղաքական խնդիրների պատճառով»[1]: Դրանով, փաստորեն մեսիջ ուղարկվեց Թրամփի վարչակարգին, որ ՀՀ իշխանությունները Իրանի հարցում ընդունում են նրանց պայմանները:

Տարբեր ժամանակահատվածներում ՀՀ իշխանությունների վրա եղել են ճնշումներ հայ-իրանական սահմանի հետ կապված, սակայն միշտ էլ Հայաստանի իշխանությունները կարողացել են խուսափել սահմանը փակելուց՝ հաշվի առնելով Իրանի դերն ու նշանակությունը և Իրանում մեծ հայ համայնքի առկայությունը: Փաստորեն Ն. Փաշինյանի կառավարությունը ՀՀ անկախության 30 տարիների ընթացքում առաջին անգամ խոսեց հայ-իրանական սահմանի հնարավոր փակման մասին:

2019թ. հունվարին գրանցվեց հերթական հակաիրանական միջադեպը իշխող քաղաքական մեծամասնության մասնակցությամբ: Հունվարի 16-ին ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը, խոսելով ՀՀ հարևանների մասին, Իրանը ներկայացրեց իբրև ավտորիտար պետություն[2]: Այս հայտարորությունը ևս իր բացասական ազդեցությունը թողեց ՀՀ-Իրան հարաբերությունների վրա:

Հեղափոխությունից հետո ՀՀ-Չինաստան հարաբերությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանք ոչ միայն չեն զարգացել, այլ ընդհակառակը՝ անկում են ապրել: Պատճառներից մեկը ՀՀ իշխանությունների կողմից կայացրած տարօրինակ որոշումն էր առ այն, որ Հայաստանը 2020թ. հունիսի 12-ին միացավ «Կրոնական ազատությունների միջազգային ալյանս»-ին, որը ոչ այլ ինչ է, քան հակաչինական դաշինք: Դեռևս 2019թ. սեպտեմբերին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սալլիվանը փակ քննարկում էր կազմակերպել ՄԱԿ-ում, որի թեման էր «Մարդու իրավունքների ճգնաժամը Սինցզյանում»: Քննարկվում էր Չինաստանի հյուսիսում բնակվող ույղուրների, էթնիկ ղազախների, էթնիկ ղրղզների և այլ մահմեդականների դեմ Չինաստանի ճնշումները [3]:

Ահա այս տեղեկատվությունը հիմք է տալիս եզրակացնելու, որ Ալյանսը ոչ այլ ինչ է, քան Չինաստանի թյուրքալեզու ժողովուրդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող դաշինք, որին միանալը ՀՀ-ին ոչ միայն ոչինչ չտվեց, այլև փչացրեց հարաբերությունները Չինաստանի հետ: Սա է պատճառը, որ սեպտեմբերին սկսված ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ պաշտոնական Պեկինը որևէ հայտարարություն չարեց:

Հատկանշական է, որ Ալյանսի նկատմամբ բացասական վերաբերմունք կա նաև ՌԴ-ում, որտեղ հնչում են կարծիքներ, որ այն ստեղծվել է Միացյալ նահանգների կողմից ամերիկյան արժեքները տարածելու նպատակով և կրոնական ազատությունների հետ որևէ կապ չունի[4]:

Դաշինքի անդամ երկրների նախնական ցանկը ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ այնտեղ բացակայում են Թուրքիան և Ադրբեջանը: Սա այն դեպքում, որ խնդիրը վերաբերվում է առաջին հերթին Չինաստանի թյուրքալեզու ժողովուրդներին, և զարմանալի է ՀՀ թյուրքալեզու հարևանների բացակայությունը: Անդամ չեն նաև Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու պետությունները: Ամեն ինչ այնքան բարդ չէ, որքան թվում է առաջին հայացքից: Ուղղակի նրանք հասկացել են, որ այս դաշինքն իրականում հակաչինական ուղղվածություն ունի և չեն ցանկանում մասնակցել Միացյալ Նահանգների կողմից սկսված այս մեծ խաղին: Եվ այս պայմաններում իրոք զարմանալի է ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությունն առ այն, որ դիվանագիտական ճակատում մեր պետությունը հաղթել է:

Արցախյան երկրորդ պատերազմում տարօրինակ լռություն էր պահպանում նաև պաշտոնական Դելին՝ չնայած այն հանգամանքին, որ պաշտոնական Իսլամաբադը պաշտպանեց ադրբեջանական ագրեսիան և ըստ որոշ տեղեկությունների՝ Արցախում հայկական ուժերի դեմ կռվում էին նաև կամավորականներ Պակիստանից: Ավանդաբար, ի հակակշիռ Պակիստանի վարած քաղաքականության, որն ի դեպ, դեռևս չի ճանաչել Հայաստանի հանրապետության անկախությունը, ՀՀ իշխանությունները Հնդկաստանի հետ միշտ էլ ունեցել են բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններ: Քայլեր են իրականացվել նաև ռազմատեխնիկական հարաբերությունների զարգացման ուղղությամբ, որոնք, սակայն, վերջին 2.5 տարում բավականին պասիվ են եղել և դա, անշուշտ, ՀՀ արտաքին քաղաքականության համար մեծ բացթողում է, եթե չասենք՝ ձախողում:

ԼՂ բանակցային գործընթաց: Գալով իշխանության՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի հետ բանակցությունները սկսում է սեփական՝ 0-ական կետից, դրանով, փաստորեն, հրաժարվելով օգտագործել այն շահեկան վիճակը, որը ՀՀ-ն ուներ 2017թ. Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ունեցած բանակցությունների արդյունքում: Այդ ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բողոքում էր, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը:

Հեղափոխությունից հետո ՀՀ իշխանություններն իրենց չկշռադատված քայլերի և հայտատարությունների պատճառով բանակցային գործընթացը մտցրեցին փակուղի՝ դրանով զգալիորեն մեծացնելով պատերազմի վտանգը: «Արցախը Հայաստան է և վերջ» ձևակերպումը հասկանալի չէր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմի, քանի որ այդ դեպքում բանակցային գործընթացը դառնում էր անիմաստ: Շրջանառության մեջ դրված խաղաղասիրություն քարոզող թեզերը, վարչապետի տիկնոջ կողմից նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» շարժումը, փամփուշտները հալեցնելու և դրանցից զարդեր պատրաստելու անհրաժեշտության մասին հայտարարությունները ևս մեծ վնաս հասցրեցին: Հասարակության մեջ սկսեց շրջանառվել այն կարծիքը, որ հնարավոր է ադրբեջանցիների հետ պայմանավորվել, նույնիսկ գնալ միակողմանի զիջումների հանուն խաղաղության: Դրան զուգահեռ զինված ուժերում մեծ հեղինակություն ունեցող գեներալների, ինչպես նաև արցախյան առաջին պատերազմում հերոսացած դաշտային հրամանատարների նկատմամբ հարուցվեցին քրեական գործեր, թուլացվեց նաև Երկրապահ կամավորականների միությունը, որը 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ իրեն գերազանց էր դրսևորել: Առաջին անգամ Ն. Փաշինյանը շրջանառության մեջ դրեց նաև թեզ այն մասին, որ արցախյան հարցի կարգավորումը հավասարապես պետք է բավարարի Արցախի ժողովրդին, Հայաստանի ժողովրդին և Ադրբեջանի ժողովրդին, ինչն, ըստ էության, նվազագույնը տարօրինակ էր:

Հեղափոխությունից հետո իշխանությունների կողմից վարվող արտաքին քաղաքականության ուսումնասիրությունը և ընթացիկ կառավարման գործընթացն ապացուցում է, որ արտաքին քաղաքականության վերահսկման և կարգավորման մարմինները չեն աշխատել: Արտաքին հարաբերություններ իրականացնող մարմինների միջև չի գործել նաև հակակշիռների և փոխադարձ զսպման համակարգը: Տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ հանրային պատշաճ իրազեկում չի ապահովվել: Դեռևս հուլիս-օգոստոս ամիսներին Ադրբեջանում սկսված թուրք-ադրբեջանական զորքերի համատեղ զորավարժությունների փաստը ՀՀ իշխանությունների կողմից ըստ էության անտեսվեց, ժամանակին պատշաճ գործողություններ չարվեցին այդ զորավարժությունները դատապարտելու կամ վերլուծելու ուղղությամբ: Համենայն դեպս հրապարակային քննադատություն պատկան մարմինների կողմից չերևաց: Հայաստանի փորձագիտական դաշտը ևս պարբերաբար կարծիքներ էր հնչեցնում ՀՀ արտաքին քաղաքականության շտկման, հասկանալի դառնալու, ռազմավարական դաշնակիցների և գործընկերների հետ պատշաճ աշխատանքներ տանելու ուղղությամբ, սակայն ապարդյուն: Ոչ մի աշխատանք չտարվեց նաև ՀՀ արտաքին քաղաքականության հայեցակարգ ընդունելու ուղղությամբ: Ակնհայտ է, որ արտաքին քաղաքական ճակատում ՀՀ-ն պարտվեց ոչ թե 2020թ. սեպտեմբերի 27-ից հետո, այլ սկսած 2018թ. մայիսից, երբ համակարգված քայլեր ձեռնարկվեցին արտաքին քաղաքականությունը տապալելու և երկիրը պատերազմի շեմին կանգնեցնելու ուղղությամբ:

Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը հեղափոխությունից հետո:

 

Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը հեղափոխությունից հետո: Հայտնի է, որ հեղափոխություններ իրականացրած երկրներում տնտեսական աճ պետք չէ ակնկալել: Ցավոք, Հայաստանում ևս, չնայած հայտարարված տնտեսական հեղափոխությանն ու տնտեսական թռիչքաձև աճի սպասումներին, այն չիրականացավ: Կյանքի որակն այդպես էլ չբարելավվեց: Ավելին, տնտեսական անկումը գնալով սկսեց մեծանալ, իսկ 2020 թվականի ավարտին հասել է աղետալի տեմպերի: Տնտեսությունը կարծես գտնվում է ազատ անկման մեջ, իսկ այն կասեցնելու հեռանկարները դեռևս մշուշոտ են:

2017 թվականին կառավարությունն ընդունեց 7.7 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշով տնտեսություն: Անմիջապես հաջորդ տարի այն իջավ 5.6 տոկոսի, իսկ 2020 թվականի նոյեմբերի դրությամբ այն կազմում է արդեն մինուս 7.2 տոկոս: Այսպիսով՝ հայտնվեցինք մի իրավիճակում, երբ տնտեսական զարգացման որևէ ազդակ չունենք, իսկ տնտեսության վերաբերյալ գնահատականները գնալով դառնում են ավելի հոռետեսական: Որոշ կանխատեսումների համաձայն՝ տարեվերջին կարող ենք ունենալ նույնիսկ երկնիշ տնտեսական անկում (5):

Տնտեսության զարգացման համար անհրաժեշտ են ֆինանսներ և ներդրումներ, բայց Հայաստանի ներկայիս իրավիճակը ոչնչով չի տրամադրում տնտեսության մեջ ներդրումներ իրականացնելու համար: Իրական հատվածում կատարվող օտարերկրյա ներդրումների ոլորտում ունենք աննախադեպ անկումներ: 2017 թվականին իրական հատվածում կատարված 93 մլրդ դրամ օտարերկրյա ուղղակի ներդրումների փոխարեն ընդամենը երկու տարի անց, 2019 թվականին այդ թիվը կիսով չափ կրճատվեց՝ նվազելով մինչև 48 մլրդ դրամի, իսկ 2020 թվականի առաջին կիսամյակին այն կազմել է ընդամենը 9 մլրդ դրամ (6):

Աշխատատեղերի ստեղծման գործում հույսը նաև կապիտալ ծախսերն էին, սակայն դրանք քրոնիկ թերակատարվում են: Ամռան վերջին հայտարարվեց, թե վերականգնվել են կորոնավիրուսի հետևանքով կորցրած ավելի քան 70 հազար աշխատատեղերը, դեռ մի բան էլ հավելաճ ունենք, սակայն անզեն աչքով այդ աշխատատեղերը որևէ կերպ չեն նկատվում: 2020թ. հոկտեմբեր ամսվա տվյալներով Հայաստանում դեռևս պաշտոնապես կան ավելի քան 60 հազար գործազուրկներ: Վերջին տվյալներով աղքատության մակարդակը Հայաստանում գնահատվել է 26.4 տոկոս: Չափավոր աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության ստորին գծից՝ 35054 դրամ/ամսական: Բնակչության 10.2 տոկոսն այս շեմին է: Ծայրահեղ աղքատ են համարվել 23762 դրամ/ամսական շեմից ցածր եկամուտ ունեցողները՝ բնակչության 1.4 տոկոսը: Եվ այս ամենի ֆոնին չեն դադարում բիզնես միջավայրին ուղղված բացասական երանգ հաղորդող ազդակները, որոնք էլ ավելի են վատթարացնում ներդրումային առանց այդ էլ գոյություն չունեցող միջավայրը: Ներդրողը չունի վստահություն ոչ բիզնեսի անփոփոխ և հասկանալի խաղի կանոնների վերաբերյալ, ոչ էլ կապիտալի և շահույթների ապահով դուրսբերման վերաբերյալ:

Տնտեսական ցուցանիշների անկմանը զուգահեռ ավելանում է պետական պարտքը: 2019 թվականի 7.3 մլրդ դոլարի փոխարեն 2020 թվականի ավարտին այն կկազմի 8.850 մլրդ ԱՄՆ դոլար: Սպասվում է, որ 2021 թվականի վերջում այն կկազմի 9.215 մլրդ դոլար: Այսպիսով հաջորդ տարի պետական պարտքն ավելանալու է ևս 365 մլրդ ամն դոլարով կամ 4.1 տոկոսով: Բնական է, որ այդ պարտքը պետք է սպասարկել: Կառավարության պարտքի սպասարկումն արդեն անցնում է բյուջեի ծախսերի 10 տոկոսից: Ինչպես ենք կարողանալու սպասարկել նոր պարտքային բեռը՝ հաշվի առնելով խորացող սոցիալական լարվածությունն ու բյուջեի եկամուտների նվազումը: Նշենք, որ տարեսկզբի 9 ամիսներին պետական բյուջեի հարկային եկամուտները՝ նախորդ տարվա համեմատ զգալիորեն նվազել են։ Եթե 2019թ. առաջին 9 ամիսներին դրանք կազմել էին 1 տրիլիոն 79 միլիարդ դրամ, ապա այս տարի կազմել են 1 տրիլիոն 16 մլրդ դրամ։ Պակաս է հավաքվել առնվազն 62 մլրդ դրամ։ Հարկային եկամուտները նախորդ տարվա համեմատ կրճատվել են ավելի քան 5,7 տոկոսով։ Ընդ որում, կրճատումը գնալով խորանում է. 8 ամսվա բացասական տարբերությունը կազմել էր 50 միլիարդ դրամ։

Վերջին տարիներին, չնայած հայտարարված տնտեսական հեղափոխությանը, այդպես էլ չփոխվեց տնտեսության կառուցվածքը, արդյունաբերական արտադրության թռիչքային աճ չունեցանք, իսկ տնտեսության հիմքը շարունակեց մնալ առևտուրը: ՀՆԱ կառուցվածում առևտրի և ծառայությունների մատուցման բնագավառի տեսակարար կշիռը կազմում է 54.3 տոկոս, մինչդեռ արդյունաբերության կշիռը 18.1 տոկոս է, գյուղատնտեսության կշիռը՝ 12 տոկոս, շինարարությունը՝ 6.2 տոկոս (7):

Բավական է նշել որ միայն 2019 թվականի ընթացքում Հայաստան է ներմուծվել 189 հազար ավտոմեքենա, որը երեք անգամ գերազանցում է 2018 թվականի ցուցանիշին: 2019 թվականին ներմուծվող մեքնենաների գծով գանձումները պետական բյուջե կազմել են 95 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ 2.6 անգամ աճել է: Այսինքն՝ ստացվում է, որ ավտոմեքենա ներմուծելով կեղծ տնտեսական ակտիվություն և բյուջեի եկամուտների միանվագ աճ ենք ապահովել: Իսկ ինչ պետք է անենք հիմա, երբ ավտոմեքենաների ներմուծման ոլորտը գրեթե գոյություն չունի, որտեղից ապահովենք բյուջետային եկամուտներ:

Տնտեսական առանց այն էլ ոչ բարվոք վիճակն էլ ավելի վատացավ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսած պատերազմի պատճառով: Հոկտեմբեր ամսվա տվյալները վկայում են, որ պատերազմը մեծացրել է ճնշումը տնտեսության վրա, խորացել է տնտեսական անկումը: Տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է -6.7 տոկոսով, շինարարության անկումը կազմել է -13.3 տոկոս, առևտրի շրջանառության անկումը -12.5 տոկոս, ծառայությունների ծավալի անկումը՝ -12.8 տոկոս, արտաքին առևտրի անկումը՝ -11.4 տոկոս (8):

Չնայած միջին գնաճը Հայաստանումը ցածր է, այն չի կարող ազդեցություն չունենալ սոցիալական վիճակի վրա, քանի որ գնաճը հիմնականում հանդես է գալիս առաջին անհրաժեշտության և լայն սպառման ապրանքների շուկայում. թանկանում են պարենային հիմնական ապրանքները. ալյուրը՝ 7 տոկոսով, շաքարավազը 20.2 տոկոսով, արևածաղկի և եգիպտացորենի ձեթը՝ 16.1 տոկոսով, ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը՝ 9.7 տոկոսով, միրգը՝ 11.3 տոկոսով, կաթնամթերքը, պանիրն ու ձուն՝ 2.6 տոկոսով: Մարդկանց եկամուտները չեն ավելանում, իսկ ծախսերն ավելանում են՝ գների բարձրացման հաշվին: Սա բերելու է սոցիալական լարվածության խորացման, ինչից չենք խուսափի նաև մյուս տարի:

Այս ամենին գումարվելու է նաև պարենային անվտանգության խնդիրը: Պատերազմից հետո Արցախի տարածքից հակառակորդին է անցել 95 հազար հեկտար վարելահող: Հայաստանում և Արցախում հացահատիկի տարեկան սպառումը կազմում է մոտ 600 հազար տոննա: Արցախն ապահովել է դրա մինչև 30 տոկոսը: Եվ հիմա այդ 30 տոկոսը չկա: Պաշտոնական տվյալներով Արցախում տարեկան մինչև 150 հազար տոննա հատիկաընդեղեն և հացահատիկ է աճեցվել: Թե պատերազմի հետևանքով հակառակորդին անցած հողերի կազմում որքան են հացահատիկի և հատիկաընդեղենի ցանքատարածքները, հստակեցված չէ, սակայն որոշ հաշվարկներ կան, որ կորցրել ենք ցորենի, գարու և հաճարի շուրջ 50 հազար հեկտար ցանքատարածքներ: Հայաստանում, միևնույն ժամանակ, հացահատիկի և հատիկաընդեղենի արտադրությունը կազմում է մոտ 200 հազար տոննա: Շուրջ 250 հազար տոննա ցորեն էլ ներմուծվում է: Ցորենի ինքնաբավության մակարդակը վերջին տվյալներով կազմել է 31.5 տոկոս, ուստի հստակ քայլեր չձեռնարկելու պարագայում կարող ենք ունենալ պարենային անվտանգության լուրջ խնդիրներ:

Շուրջ երկու ամսվա ընթացքում դոլարը 485 դրամի մակարդակից բարձրացավ մինչև 525 դրամի:

Հոկտեմբեր ամսին 21 տոկոսով նվազել են անշարժ գույքի առուվաճառքի գործարքները, ինչը նշանակում է, որ նվազել է մարդկանց վստահությունը ապագայի նկատմամբ:

Այս ամենից հետո հարց է առաջանում՝ ինչն էր խանգարում հեղափոխությունից հետո Հայաստանի տնտեսությունը դնել նոր ուղեծրի վրա՝ կատարելով արմատական փոփոխություններ: Չէ որ հիանալի պայմաններ էին ստեղծվել՝ ձերբազատվելու տնտեսության մենաշնորհային կառուցվածքից, ազատականացնելու շուկան, ժամանակակից գրավիչ պայմաններ ստեղծելու ներդրողների համար, վերափոխելու տնտեսության կառուցվածքը, զարկ տալու արդյունաբերական արտադրության զարգացմանը, ծառայություններին, տուրիզմին և այլն:

Այս ամենը հնարավոր էր, սակայն չիրականացավ: Նշված դրական ազդակների փոխարեն բիզնեսն ամեն օր ստանում էր նորանոր բացասական իմպուլսներ: Հասարակության մեջ և մամուլում անընդհատ շրջանառվում են բացասական երանգ հաղորդող կոչեր, ընդունվում են ապօրինի գույքի բռնագանձման ոչ իրավաչափ օրենքներ, անընդհատ փոխվում են խաղի կանոնները:

Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թույլատրված թվով մեկ ազատ տնտեսական գոտին այդպես էլ շարունակեց մնալ փակված: Մինչդեռ մեծ ջանքերի ներդրման արդյունքում կարելի էր արագացնել դրա գործարկմանը խոչընդոտող հիմնական խնդիրների բացահայտումն ու լուծումը՝ շրջակա հողատարածությունների ձեռքբերման հետ կապված խնդիրներ, ազատ տնտեսական գոտու օգտագործվող տարածքի ընդլայնման հնարավորությունների լիարժեք օգտագործում, կառուցապատող ընկերության հետ ունեցած վեճերի արագ լուծում և ավարտական փաստաթղթերի ստացման հետ կապված հարցեր:

Չէ որ Մեղրու ազատ տնտեսական գոտու գործարկումը կարող էր նպաստել տարածաշրջանային ինտեգրման խորացմանը, տնտեսական ակտիվության խթանմանը և այդ ամենի արդյունքում նաև նոր աշխատատեղերի ստեղծմանն ու գործազրկության նվազմանը:

Այս ամենին գումարվում է նաև առաջարկվող այլընտրանքային լուծումները չընդունելու շարունակական գործընթացը: Վերջին տարիներին մեր կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությունների մեծ մասը մերժվել է, իսկ մի մասն էլ անհարկի մերժվելուց հետո, գրեթե նույնությամբ ներկայացվել կառավարության կողմից և ընդունվել: Այսպես՝ 2019թ. ապրիլին առաջարկել էինք անփոփոխ թողնել շրջանառության հարկի արդեն իսկ արտոնյալ ժամկետով բարձրացված 115 մլն դրամի շեմը: Այն հետ կանչվեց, որից հետո կառավարությունն ինքը հանդես եկավ համանման նախաձեռնությամբ:

Մեր կողմից ներկայացված մեկ այլ նախագծով առաջարկվում էր բաց թողնում՝ ներքին սպառման համար մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի և դեղորայքի հիմնական տեսակների համար ԱԱՀ-ն վճարել ոչ թե սահմանին, այլ մինչև հաջորդող ամսվա 20-ը ներառյալ: Այս նախագիծը ևս մերժվեց:
Մանրածախ առևտրի ոլորտում առաջարկել ենք տարանջատել ներմուծողին մանրածախ վաճառողից և օրենքով արգելել ներմուծողի կողմից իր իսկ առևտրային ցանցերում մանրածախ վաճառքը՝ դրանով իսկ նպաստել այդ ոլորտում առողջ մրցակցության ապահովմանը: Մերժվել է:

Ամենակարևորը, 2019թ. հունիսին մշակել և ներկայացրել էինք ներդրումային ծրագրերի իրականացման պետական աջակցության մասին մայր օրենք, համաձայն որի կոնկրետ լիազորություններ էին վերապահվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը մեկ պատուհանի սկզբունքով ներդրումային ծրագրերի իրականացումն ապահովող համապատասխան փաստաթղթերի տրամադրման միջոցառումների իրականացման շրջանակներում: Վերջինիս ընդունումը պայմանավորված էր ներդրումային ծրագրերի իրական պետական աջակցության ապահովման անհրաժեշտությամբ, ինչպես նաև պետական կառավարման տարբեր մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների միջև հարաբերությունների հստակեցմամբ, օրենքով պետական մարմինների ներկայացուցիչների պատասխանատվության ինստիտուտի սահմանմամբ ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակներում: Այս նախագիծը ևս մերժվել է: 2020 թվականին ներկայացրել ենք ներդրումների աջակցության «Մեկ պատուհանի» սկզբունքի կիրառումն ապահովող մեկ այլ օրենքի նախագիծ, որը դեռևս քննարկման փուլում է:

Իհարկե, եղել են նաև մեր կողմից ներկայացված օրենքի նախագծեր, որոնք ընդունվել են: Օրինակ՝ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում մեր կողմից առաջարկվող փոփոխությամբ՝ երաշխավորված դրամային ավանդների շեմը 10 մլն դրամից բարձրացվեց 16 մլն դրամի, իսկ արտարժույթային ավանդի շեմը 5 մլն դրամից 7 մլն դրամի: Այն հսկայական նշանակություն ունի ինչպես կորոնավիրուսի համավարակի տնտեսական հետևանքների, այնպես էլ պատերազմի արդյունքում ավանդների ընդհանուր ծավալի անկումը կանխելու և բանկային համակարգի նկատմամբ վստահությունն ամրապնդելու համար:

Մեր կողմից ներկայացված՝ ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին օրենքում կատարված փոփոխություններով ջրօգտագործողին վերապահվեց լրացուցիչ իրավունք ջրի արդարացի բաշխման նպատակով դիմել և ստանալ իր ներկայացուցչական գոտուց ընտրված ներկայացուցչից իր հողատարածքն ընդգրկող հիդրոմիավորի վերաբերյալ տեղեկատվություն, այդ թվում՝ կազմված պլան ժամանակացույցը և ջրօգտագործողների փաստացի ներկայացված ջրման հայտերի հիման վրա տրամադրված ջրաքանակները, որն էլ թույլ տվեց բացահայտելու ոռոգման գործընթացում տեղ գտած բացթողումները, թերացումները և չարաշահումները: Ոլորտում կառավարման որակը բարձրացնելու նպատակով սահմանվեց, որ ընկերության գործադիր տնօրեն կարող են ընտրվել Հայաստանի Հանրապետության գործունակ քաղաքացիները, որոնք ունեն բարձրագույն կրթություն, ջրային տնտեսության համակարգի ղեկավար պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի ղեկավար պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:

Մեր կողմից մշակված մեկ այլ նախագծով՝ սնանկության մասին օրենքում կատարված փոփոխության արդյունքում սնանկության շեմը 1 մլն դրամից բարձրացվեց մինչև 2 մլն դրամի, իսկ 60-րյա ժամկետը՝ 90-օրվա: Արդյունքում նվազեցվեց սնանկության սնանկության հայտերի թիվը, բիզնեսին հնարավորություն տրվեց փոքր ֆինանսական դժվարությունների դեպքում ոչ թե գնալ սնանկացման և փակման ճանապարհով, այլ առողջացման և բիզնեսի պահպանման ճանապարհով: Մինչև այդ էլ հարկի վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում սահմանվող տույժը 0.075 տոկոսից մեր առաջարկով իջեցվել էր 0.04 տոկոսի, իսկ հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու համար սահմանված 500 հազար դրամ շեմը բարձրացվել էր 1 միլիոն 500 հազար դրամի:
Վերոհիշյալ նախագծերի ընդունումն, իհարկե, դրական ազդեցություն ունեցավ կարգավորվող ոլորտների վրա, սակայն պարզ է, որ միայն դրանք չէին կարող լրջորեն փոխել տնտեսության կառուցվածքը, նպաստել տնտեսական աճի և կայուն զարգացման:


Սահմանադրական փոփոխություններ:


2020 թ. փետրվարի 6-ին ՀՀ ԱԺ «Իմ քայլը դաշինքը» շրջանառության մեջ էր դրել «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը» (9), որը պետք է լուծում տար ՍԴ ներսում և դրա շուրջը ստեղծված այսպես կոչված «ճգնաժամին»՝ դադարեցնելով նրա նախագահի և այն անդամների լիազորությունները, ովքեր պաշտոնավարել են 12 տարի և ավել։

Մինչ այդ իշխող ուժը փորձել էր այլ եղանակներով հասնել Հրայր Թովմասյանի պաշտոնանկությանը. դեռևս դեկտեմբերին ՍԴ դատավորներին հնարավորություն էր տրվել երկամսյա ժակետում հրաժարական տալ, գնալ վաղ կենսաթոշակի՝ պահպանելով իրենց ամբողջական աշխատավարձի չափով թոշակը։ Հրայր Թովմասյանը դա որակեց որպես «կաշառք», և ՍԴ ոչ մի անդամ չօգտվեց դրանից։

Փետրվարի 6-ին շրջանառված նախագիծն առաջին ընթերցմամբ չընդունվեց, և արտահերթ նիստում տեղի ունեցած քվեարկությամբ որոշվեց հարցը դնել հանրաքվեի ։

Փետրվարի 17-ից ՀՀ-ում մեկնարկեց հանրաքվեի քարոզչությունը, սակայն մարտի 12-ից հետո «ԱՅՈ» քարոզչական կողմը ստիպված էր դադարեցնել քարոզարշավը՝ կապված Հայաստանում Նոր կորոնավիրուսի տարածման հետ: Համավարակով պայմանավորված՝ հանրաքվեն տեղի չունեցավ, սակայն հունիսի 22-ին Ազգային ժողովում ընդունվեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով դադարեցվեցին ՍԴ 3 անդամների և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները։

Հանրաքվեն և հանրաքվեի նախագիծը խորհրդարան բերելու նախաձեռնությունը միանշանակ չի ընդունվել և քննադատվել է Ազգային Ժողովի ընդդիմադիր խմբակցությունների, արտախորհրդարանական Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից։ Հայտարարությամբ հանդես է եկել նաև ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը (10)՝ պատգամավորներին կոչ անելով հետ կանգնել այդ նախաձեռնությունից, իսկ ՀՀ նախագահին՝ իրականացնել Սահմանադրության պահպանման պարտականությունը։ ՀՅԴ-ն նույնպես հրաժարվեց մասնակցել հանրաքվեին, իսկ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը հայտարարեց, որ կպահպանի չեզոքություն։

Սահմանադրական փոփոխությունների նախագիծն ընդունվեց Սահմանադրության կոպիտ խախտմամբ՝ առանց Սահմանադրական դատարանի համաձայնության։ ԱԺ-ն հրաժարվեց դիմել ՍԴ-ին՝ վերջինիս զրկելով իր սահմանադրական լիազորություններից ։

Բացի այդ՝ Արդարադատության նախարարությունը դիմել էր Վենետիկի հանձնաժողովին՝ պարզաբանումներ և կարծիք ակնկալելով ՍԴ շուրջ ստեղծված կացության մասին։ Վենետիկի հանձնաժողովը (11) կարծիք էր հայտնել, որ նպատակահարմար է ՍԴ նախագահների կարճ պաշտոնավարումը, արձանագրել էր, որ Հայաստանի դեպքում ներկայիս Սահմանադրական դատարանի նախագահը պաշտոնավարելու է 17 տարի, ինչն ավելի մեծ ժամկետ է, քան անգամ նոր Սահմանադրությամբ դատավորների համար նախատեսվածը, ինչը կարող է հանգեցնել դատարանի նախագահի դերի գերակշռությանը և նպաստավոր չէ դատավորների միջև կոլեգիալության մթնոլորտի ձևավորման համար:

Նախագծում, այդուհանդերձ, անտեսվել է Հանձնաժողովի խորհուրդը՝ նախատեսել որոշակի անցումային ժամկետ և օրենսդրական փոփոխությունները կյանքի կոչելիս դիմել և հաշվի առնել ՍԴ կարծիքը։

Հետհեղափոխական իրավական, օրենսդրական իրավիճակը: 2018թ. հեղափոխությունից հետո ՀՀ նոր իշխանությունների կողմից վարած քաղաքականության բացասական հետևանքներն ուշացնել չտվեցին նաև իրավական, օրենսդրական դաշտում: Օրենսդրական բարեփոխումների հիմքում նշվում էր, որ դրվում է ազգային շահը, խտրականության բացառումը, իրապես անկախ, արդյունավետ, կոռուպցիայից և հովանավորչությունից զերծ դատական իշխանություն ունենալու բացարձակ առաջնահերթությունը և դրա համար անհրաժեշտ էին արմատական փոփոխություններ ոչ միայն դատարանների, այլև դատախազական ու քննչական մարմինների և արդարադատության արդյունավետությունն ապահովող այլ մարմինների գործունեության ոլորտներում: Նշված փոփոխությունների ազդակը տրվեց ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» որոշման ընդունմամբ, որին հաջորդեցին մի շարք օրենքների նախագծեր, որոնցում առանցքայինը Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող զարգացումներ էին, դատական համակարգում «վեթինգի» կամ ինչպես իրավական ակտերի նախագծերում էր նշվում «դատավորների բարեվարքության գնահատման» իրականացումը, Փաստահավաք հանձնաժողովի ստեղծումը և այլն: Նշված իրավական ակտերի նախագծերը ի սկզբանե միանշանակ չընդունվեցին թե մասնագիտական, թե քաղաքական, թե հասարակական լայն շրջանակների կողմից, որը բերեց տեսակետների բախումների, հակասական գնահատականների, սրեց հասարակության մեջ առկա առանց այդ էլ լարված մթնոլորտը՝ խորացնելով «նախկին-ներկա», «սև ու սպիտակ» տրամադրությունները: Արդյունքում, ականատես եղանք նշված իրավական ակտերի դե-յուրե ընդունման, սակայն դե-ֆակտո չկատարման: Դատական իշխանությունում չկատարվեց «վեթինգ», ընդհակառակը շատ դեպքերում դատավորի՝ արդարադատության իրականացման գործառույթը վերաճեց քաղաքական պատվերների կատարման գործառույթի: Մինչ օրս չի ստեղծվել Փաստահավաք հանձնաժողովը և այլն: Մինչդեռ դրանց մշակման, ընդունման համար ծախսվել էին մարդկային և ֆինանսական զգալի միջոցներ:

Օրենսդրական շատ նախաձեռնություններ ընդունվեցին չնայած դրանցում առկա ակնհայտ հակաիրավական դրույթների, պետության համար առկա հետագա բացասական հետևանքների: Դրանցից առավել աղմկահարույցների և դրանց հանգեցրած բացասական հետևանքների մասին ներքոգրյալում.

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» oրենք - Սահմանադրականության հետ ակնհայտ խնդիր ունեցող այս օրենքը եկավ ոտնահարելու քաղաքացու հիմնարար իրավունքները, խարխլելու պետության իրավական, տնտեսական, սոցիալական և այլ հիմքերը: Այսպես.

- Օրենքը ամենից առաջ ոտնձգեց՝ անձի նոտարական, բանկային, ապահովագրական կամ առևտրային գաղտնիք կազմող տեղեկությունների, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից արժեթղթերի հետ կատարված գործարքների վերաբերյալ տեղեկությունների դեմ, որին հետևեց մեկ այլ՝ կամայական, իրավազուրկ փոփոխություն՝ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում, որով բանկերը դատարանի որոշման դեպքում պարտավորվեցին տրամադրել այդ տեղեկություններն իրենց հաճախորդների վերաբերյալ։ Պետք է նշել, որ բանկային գաղտնիքին առնչվող՝ նախկին կարգավորումների պայմաններում վերջին տարիներին ՀՀ բանկային համակարգը կարողացել էր ներգրավել մեծ ծավալի դեպոզիտներ,այդ թվում՝ նաև օտարերկրյա քաղաքացիներից:

Մինչդեռ, կատարված փոփոխությունը և հետադարձ ուժ ունեցող դեպոզիտների օրինականությունը ապացուցող փաստաթղթերի առկայության վերաբերյալ կատարված փոփոխությունը հանգեցնելու է նշված միջոցների արտահոսքին, նվազեցնում է ՀՀ բանկային համակարգում նոր դեպոզիտների ներգրավման հնարավորությունները՝ որոշակիորեն վտանգելով ֆինանսական համակարգի կայունությունը։

- Օրենքի կիրառումը հանգեցնում է իրավապահ ողջ համակարգի արհեստավարժության կտրուկ անկմանը և լայն հնարավորություններ է ստեղծում կամայականությունների և չարաշահումների համար։ Իրավապահ համակարգը հայտնվում է այնպիսի կարգավիճակում, երբ այլևս պարտավորված չի լինում քրեական դատավարության ընթացակարգերով ապացուցելու և բացահայտելու ծանր հանցագործությունները, ապացուցման բեռը արհեստականորեն տեղափոխվում է մասնավոր անձի վրա, ստանձնում է սոսկ արբիտրի կարգավիճակ:

- Օրենքի որոշ դրույթներ և նախատեսված մեխանիզմներ պարունակում են կոռուպցիոն ռիսկեր, օրինակ՝ հաշտության համաձայնության կնքումը, որով ՀՀ–ին կարող է փոխանցվել փոխհատուցում ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ եզրակացությամբ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի առնվազն 75 տոկոսի չափով։
- Դատախազության համակարգում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով զբաղվող նոր հաստիքների ստեղծումը և տարբերակված վարձատրության կիրառումը ևս կրում է կոռուպցիոն ռիսկեր։

- Օրենքի կիրառումը բացասական ազդեցություն ունի տնտեսական զարգացման և ներդրումների վրա, անխուսափելիորեն հանգեցնում է կապիտալի հնարավոր արտահոսքի, խոչընդոտում է հայրենադարձության ծրագրերի իրականացումը, գործարար միջավայրում ձևավորում է անվստահության մթնոլորտ հաշվի առնելով երկրում ձևավորված միջանձնային փոխկապակցված հարաբերությունները և սփյուռքի գործոնը:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրա-կան օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենք - Արդարադատություն իրականացնելու, մարդկանց ճակատագրեր վճռելու հնարավորություն ընձեռնվեց ընդամենը 2-3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող անձանց՝ դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու համար որակավորման ստուգմանը մասնակցելու տարիքային նվազագույն շեմը 28-ից իջեցնելով 25-ի: Այսպիսով, հիմքեր ստեղծվեց դատական համակարգի պրոֆեսիոնալիզմի անկման համար, այն նպատակ է հետպնդում նաև հակաիրավական վերահսկողություն ապահովել դատական համակարգի նկատմամբ:

«Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենք - Իբրև կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ընդունված՝ երկրում կարանտին սահամանելու կամայական հիմքեր նախատեսող այս օրենքի նպատակն իրականում արտակարգ դրության իրավական ռեժիմի անժամկետ պահպանման իրավական նախադրյալների ստեղծումն էր՝ հավաքների ազատության սահմանափակումը, որը գործնականում ինչպես տեսանք, որևէ դրական ազդեցություն չունեցավ համավարակի տարածումը կանխելու առումով: Հակառակը, արձանագրվեց վարակակիրների թվի աննախադեպ աճ՝ մահացության մակարդակի բարձր ցուցանիշով:

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենք - Կրկին համավարակի կանխման քողի տակ ընդունվեց մեկ այլ՝ այս անգամ անձանց անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և անձնական կյանքի անձեռնխելիությունը խախտող օրենք, որը հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորներին պարտավորեցրեց արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված լինելու պարագայում պետական մարմիններին և պետության կողմից հիմնադրված իրավաբանական անձանց տրամադրել՝ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ ստացող հաճախորդների կողմից օգտագործվող ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ (հաճախորդի տեղորոշում), հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, սկիզբը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում՝ այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ, որին փոխանցվել է զանգը: Ինչպես տեսանք, «օրենսդրական այս բարեփոխումը» ամենևին չհանգեցրեց համավարակի դեպքերի նվազեցմանը և նպատակը միայն քաղաքացիների նկատմամբ տոտալ հակաիրավական վերահսկողության իրականացումն էր:

Շարունակությունն՝ այստեղ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan