Քաղաքացին մեքենայով հարվածել և կոտրել է ՊՆ շենքի դարպասը, այնուհետև մեքենայով մխրճվել է վարչական մասնաշենքի մեջ
Քաղաքացին մեքենայով հարվածել և կոտրել է ՀՀ ՊՆ շենքի դարպասը, այնուհետև մեքենայով մխրճվել է վարչական մասնաշենքի մեջ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
«Հունվարի 10-ին, ժամը 21։30-ի սահմաններում, ՀՀ Կոտայքի մարզի բնակիչ Գ.Վ.-ն, իր անձնական օգտագործման «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով հարվածել է ՀՀ ՊՆ վարչական համալիրի հսկիչ անցագրային կետի դարպասին, կոտրել դրանք և մուտք գործել ՊՆ վարչական համալիրի տարածք: Այնուհետև Գ.Վ.-ն մեքենայով կոտրել է վարչական մասնաշենքի մուտքի դռները և մեքենայով մխրճվել շինության մեջ»,- ասվում է հաղորդագրությունում։
Քաղաքացին ձերբակալվել է հսկիչ անցագրային կետում ծառայություն իրականացնող ՊՆ ՌՈ աշխատակիցների կողմից: Փաստի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե և քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 327.6 հոդվածի 5-րդ մասով և 258 հոդվածի 4-րդ մասով։
Համացանցում տարածված տեղեկությունների համաձայն՝ մեքենայով ՊՆ շենք մուտք գործած քաղաքացին անհետ կորած զինծառայողի ծնող է։