Ալիևը ասել է, թե որն է Ղարաբաղում ռուս-թուրքական կենտրոնի նպատակը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկելու համար ռուս-թուրքական մոնիթորինգի համատեղ կենտրոնը հարկավոր է տարածաշրջանում կայունություն ապահովելու համար: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Որքան շուտ մոնիտորինգի կենտրոնն սկսի գործել, այնքան լավ, քանի որ, չնայած պատերազմից անցել է գրեթե երկու ամիս, վտանգն ու սպառնալիքները դեռ առկա են»,- նշել է Ալիևը:
Ադրբեջանի նախագահը ասել է, իբր «չենթարկվող հայկական ջոկատները շարունակում են գործել Ադրբեջանի տարածքում և նրանց մի մասը չի ցանկանում հանձնվել ու հեռանալ»:
Ադրբեջանի նախագահը նաև անհանգստություն է հայտնել, որ Հայաստանում որոշ քաղաքական ուժեր ռևանշիստական տրամադրություններ ունեն և բաց հայտարարություններ են անում առ այն, որ գալու է օրը և հայերը հետ են բերելու հողերը:
Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցել Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Աղբյուր՝ Tert.am