Ճշմարտությունը լսելի դարձնելու համար գոռալ. «Ես գերադասում եմ հաղթանակի ոգով նախկինը, այլ ոչ պարտվածի հոգեբանությամբ նորը։ Հեեեռացեք»

«Նախկինները հետ չեն գալու», այս թեզի հեղինակը, թերևս, շատերին է հայտնի և շատերն են ոգևորված այս բառախաղով... Նույն այդ «շատերը», բնականաբար հների վերադարձը մերժելով, հավատում են «նորի» լիարժեք գալուստին: Իսկ «նորն» այսօրվա իրողությունն Է՝ պարտված պատերազմ, ծվատված Հայրենիք, քաղաքական ու տնտեսական անորոշություն և... Եվ, երբ նորի պատուհանից նայում ես «նախկիների» ցանած հունդերին, տեսնում ես հաղթանակած պատերազմ, ազատագրված տարածքներ, քաղաքական ու տնտեսական վերելք և... Եվ ուզում ես հրաշագեղ Ստեփանակերտից մինչև հնադարյա Երևան և աշխարհասփյուռ հայակենտրոն մայրաքաղաքներ ճշմարտությունը լսելի դարձնելու համար գոռալ՝ «Ես գերադասում եմ հաղթանակի ոգով նախկինը, այլ ոչ պարտվածի հոգեբանությամբ նորը... Հեեեռացեք, իսերաստծո...»
***
Բոլոր նրանք, ովքեր փորձում են Հայաստանի և Արցախի ներկա իշխանությունների կատարածը և դեռ շարունակվող քաղաքականությունը արդարացնել, նրանք պաշտպանում են մեր Հայրենիքի մի մասի և, ըստ այդմ՝ նաև հազարավոր հայորդիների թափած արյան գնով ձեռք բերված հաղթանակների հանդեպ իրականացված հայրենադավությունը: Ակնհայտ իրողություն է, որ մեր ժողովուրդն՝ իր դարավոր պատմության կեռմաններում քանիցս հաղթահարելով նման իրավիճակներ, կարողացել է վերագտնել ինքն իրեն և սեփական արարումներով վերահաստատել իր գոյության իրավունքը: Սակայն իրողություն է նաև այն, որ մենք ամեն անգամ վերագտնելով կորցրածի արդեն մի մասը, անտեսում ենք երեկվա ցավոտ անկումների պատճառները և ժամանակ հետո նորից գնում այդ անկումներն ավելի խորացնող անցյալի ճանապարհով: Ասել է թե՝ գիտակցաբար, թե անգիտակցաբար մենք ներում ենք աններելին, մոռանում կամ լավագույն դեպքում, երեկվա կատարված սխալին վերաբերվում որպես պատմության և շարունակում նորից կրկնել այն, ինչի համար ցավալիորեն հատուցել ենք ոչ հեռավոր անցյալում... Եվ այդպես ժամանակ առ ժամանակ մենք դառնում ենք հայրենադավ... Մենք, այլ ոչ միայն նրանք, որոնց ընտրել և ովքեր առաջնորդում են մեզ՝ ՍԽԱԼԸ ՆԵՐՈՂՆԵՐԻՍ...
***
Հաղթանակած երկրի ո՞ր ղեկավարը կարող էր առանց կրակոցի հանձնել իր զինվորի արյամբ ազատագրված տարածքը: Իհարկե, նա, ով անհաղորդ է այդ տարածքն ազատագրած զինվորի ապրումներին... Նա, ում համար ազատագրված տարածքը սոսկ հող է, այլ ոչ Հայրենիք՝ իր գույնով, բնավորությամբ և... դժվար պատմությամբ: Ակնան ու Քարվաճառը հանձնվեցին առանց կրակոցի... Հանձնվեցին որպես հող՝ անգույն և անբովանդակ, հանձնվեցին որպես պատմությունից զուրկ Հայրենիքի մաս... Համակերպվել այս իրողությանը՝ դժվար է, բայց առավել քան դժվար է հասկանալ այն հայ զորականին, ով ազատագրելով այդ տարածքներն՝ ընկավ... Ընկավ, հավատալով, որ ապրողներն արժանի են լինելու իր թողած ժանագությանը... Ավաղ, ամեն ինչ եղավ ոչ միայն հակառակը, այլև՝ առանց կրակոցի...
***
Այս ամեն կատարվածի համար ես չեմ զարմանում Նիկոլ Փաշինյանի վրա, ես զարմանում եմ Արայիկ Հարությունյանի վրա: Առաջինին ճանաչում եմ այնքանով, որքանով նա հասցրեց իրեն դրսևորել երկրի վարչապետի պաշտոնում: Ասել է թե՝ չեմ ճանաչում... Իսկ ահա Արցախի նախագահի պարագայում ամեն ինչ այլ է, որովհետև երբևէ մտքովս չէր անցնում, որ պատերազմում եղբայր կորցրած, ազատագրական մարտերում ընկերություն վաստակած և, վերջապես՝ համաժողովրդական քվեարկությամբ երկրի Գերագույն գլխավոր հրամանատարի բարձր պաշտոնն զբաղեցրած արցախցին կարող էր այնքան անպատիվ խոնարհվել նույն այն թշնամու առաջ, որը ժամանակին ծնկաչոք խոնարհումով էր ընդունել իր մարտիրոսված եղբոր կերտած հերոսական հաղթանակը...
Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից