Ստեփանակերտում մատակարարումների խափանումներ չկան. ՌԴ ՊՆ
Ստեփանակերտում Հումանիտար արձագանման միջգերատեսչական կենտրոնի աջակցությամբ խաղաղ կյանքը վերականգնվում է` մթերքների մատակարարման խափանումներ չկան, հացի արտադրության ձեռնարկություններն ամբողջական հզորությամբ վերականգնել են աշխատանքները, հաղորդում է ՌԴ ՊՆ կայքէջը:
Հաղորդվում է, որ Ստեփանակերտից հաց է մատակարարվում հարակից բնակավայրեր:
Բացի այդ, քաղաքում շարունակվում են էլեկտրա/գազամատակարարման վերականգնման աշխատանքները բնակելի տներում և հասարակական նշանակության կառույցներում, վերականգնվում է հասարակական տրանսպորտի աշխատանքն ու կապը հեռու բնակավայրերի հետ, վերաբացվում են խանութները:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։
Աղբյուր՝ Tert.am