Իրավիճակը օպերատիվ վերագնահատելու, խնդիրները շտկելու դեպքում հաջողությունը մեզ սպասեցնել չի տա․ պահեստազորի գնդապետ
Հակառակորդին հանկարծակի բերելով, ծուղակի մեջ գցելով՝ հնարավոր է վերականգնել կորցրածը, եթե հաշվի առնենք նաև այն, որ հակառակորդի հիմնական առավելությունը` թուրքական անօդաչու թռչող սարքերի տեսքով, հիմնականում չեզոքացվել է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։
«Եթե սրան էլ գումարենք, որ մեր զինվորները շատ ավելի քաջ են, արիասիրտ են և խիզախաբար շարունակում են կռվել, կարծում եմ, հաջողությունը մեզ սպասեցնել չի տա։ Նկատի ունեմ ոչ միայն ակտիվ պաշտպանության, այլև հակահարձակման տեսանկյունից։ Պետք է իրավիճակն առավել արդյունավետ գնահատել, պատերազմը ճիշտ կառավարել»,- ասել է Նահապետյանը և նշել, որ շատ օգտակար կլիներ հաշվի առնել, թե Սիրիայի պատերազմում ինչպես թուրքական բանակը ջարդվեց իր առաջատար ստորաբաժանումներով, իսլամական արմատականներով․ «Սիրիայի պատերազմից թուրքերը դասեր քաղեցին, իսկ մենք համապատասխան հետևություններ չարեցինք»։
Հայկ Նահապետյանի խոսքով՝ պետք է օպերատիվ իրավիճակի վերագնահատում արվի, պատերազմի կառավարման հետ կապված խնդիրները լուծվեն։ «Կարևորն այն է, որ Արցախում կա միակամություն, առաջին հերթին ժողովուրդը պինդ կանգնած է, ինչը սահմանում կանգնած զինվորի, սպայի, գեներալի համար առաջին գրավականն է մարտը վարելու համար։ Թիկունքն ամուր է, շատ կարևոր է»,-ասաց նա։