Ռուսաստանը հիմքեր ունի հարվածելու Ադրբեջանի տարածքում ահաբեկիչների որջերին. Արա Ղազարյան. Տեսանյութ
Թուրքիան չի կատարում ՄԻԵԴ-ի միջանկյալ միջոցը, և այդ երկրի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար պետք է փաստակազմ հավաքել, ի վերջո, դատավարությունները չեն կարող կանգնեցնել պատերազմը, բայց կարող են զսպել. ՀՀ կառավարությունը պետք է անընդհատ համալրի ՄԻԵԴ-ում բացված վարույթը, արդյունքում՝ ՄԱԿ-ը, աներկբայորեն հաստատված փաստերից օգտվելով, կարող է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը:
«Քաղաքական հայտարարությունները չեն փոխարինի միջազգային տրիբունալի որոշմանը, ինչպես եղավ Կոսովոյի դեպքում: Դա իրավական հարթակ է, որին հաջորդում է առավել բարձր աստիճանը՝ գլոբալ կոնսենսուսի ձևավորումը: Մեր պետությունը դեռևս գանգատ չի ներկայացրել Թուրքիայի և Ադրբեջանի դեմ, բայց դատավարական գործընթացը մեկնարկել է, և այդ պետությունները պաշտպանվողի դերում են»,- ասել է փորձագետը:
Ըստ Ղազարյանի՝ Հադրութում երկու հայ ռազմագերիների սպանության դրվագը՝ իբրև պատերազմական հանցագործություն, պետք է մտնի միջպետական գանգատի վարույթ, զոհերի հարազատները ևս կարող են անհատական հայցով դիմել, արդյունքում՝ այդ փաստերը կօգտագործեն նաև Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի դիտորդական խմբերը. «Քաղաքական լոբբինգով զբաղվողներին պետք է ապացույց, փաստակազմ: Թուրքիայի ներգրավվածությունն ապացուցված է, այսինքն՝ դա պատմական փաստ է: Չափազանց կարևոր է ոչ միայն քաղաքական, այլև իրավական հարթակներում հաջողություն ունենալը: Սերբիայի դեմ միջազգային պատժամիջոցների իրավական հիմքը փաստագրված ցեղասպանությունն էր, պետությունները համախմբվեցին կոլեկտիվ ինքնապաշտպանության սկզբունքի հիման վրա»:
Փաստաբանի կարծիքով՝ կարևոր է, որ մենք պատերազմի թեման տեղափոխեցինք միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ոլորտ, այսինքն՝ սահմանեցինք իրավազորության վերանայում. «Միջազգային սուբյեկտներն իրավազոր են ավելի լայն շրջանակ վերցնել: Արցախը փորձում է գտնել դաշնակիցներ, դրա համար պետք է լեգիտիմ հիմք առաջարկել, որն ահաբեկչության դեմ պայքարն է: ՌԴ-ն հետաքրքրված է դրանով, չէ՞ որ ինքն էլ կարող է տուժել դրանից: ՌԴ-ն իրավական հիմք ունի ինքնապաշտպանվելու, նրա ինքնաթիռները կարող են իր սահմաններից դուրս՝ Ադրբեջանի տարածքում, ահաբեկիչների որջերին հարվածել»:
Արա Ղազարյանի պնդմամբ՝ օրինական պատերազմի դոկտրինի հիմքով Արցախն ինքնապաշտպանվելու լեգիտիմ իրավունք ունի, քանի որ ենթարկվել է հարձակման, բայց պետք է ավելին՝ Թուրքիայի մասնակցության բացառում, ապա և Արցախի ճանաչում՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ. «Արցախն այսօր ծառայում է միջազգային խաղաղությանը: ՄԱԿ-ի կանոնադրության հիմնական գաղափարը խաղաղության երաշխիքներ ստեղծելն է: Պարտադիր չէ ազգային սահմանադրության մեջ նշել, որ պետությունն ունի արտատարածքային իրավազորություն՝ պայքարելու ահաբեկիչների դեմ: Մենք կարող ենք միջազգային հետախուզում հայտարարել պատերազմական հանցագործների նկատմամբ: Ադրբեջանը կեղծ փաստակազմով նման հետապնդումներ է հարուցում, Լապշինի ձերբակալությունը դրա վառ օրինակն էր, դրա հիմքում ընկած էր ռասիզմը»:
Փորձագետի պնդմամբ՝ եթե նպատակադրվենք Արցախի հարցով առանձին տրիբունալ ստեղծել, ինչպես Բալկանյան պատերազմի դեպքում, նախևառաջ պետք է վավերացնենք Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը: «Կարևոր են սովորութային նորմերը, և ՄԱԿ-ի անդամ պետություններն իրենք պետք է քրեական հետապնդում իրականացնեն ռազմական հանցագործների դեմ: Պարտավոր ենք դոսյեներ պատրաստել և օգտվելով դաշնակից պետությունների բարյացակամությունից՝ քրեական հետապնդում իրականացնել այդ երկրներում, ընդհուպ՝ հասնել նրանց արտահանձնման»,- ամփոփել է միջազգային իրավունքի մասնագետը: