Ալիևը չի բացառում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը Մոսկվայում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի բացառում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը Մոսկվայում, սակայն, նրա խոսքով, ամեն ինչ կախված է հանդիպման օրակարգից․ այս մասին Ալիևն ասել է ճապոնական Nikkei թերթին տված հարցազրույցում։ Փոխանցում է «РИА Новости»-ն։
«Այո, այդ հանդիպումը հնարավոր է։ Նման հանդիպումներ եղել են նաև նախկինում։ Ամեն ինչ կախված է օրակարգից։ Ցավոք, Հայաստանի ներկայիս կառավարության հետ խաղաղ կարգավորման հեռանկարները շատ հեռու են»,- ասել է նա։
Ալիևը նշել է, որ Մոսկվա այցելելու հրավեր չի ստացել ՌԴ նախագահ Պուտինից։
Բացի այդ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ չի բացառում հայերի մշակութային ինքնավարություն Արցախում։
Ինչ վերաբերում է դիտորդների և խաղաղապահների տեղակայմանն Արցախում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը չի մերժում նրանց տեղակայումը Արցախում։ Միաժամանակ նա հայտարարել է, որ այդ դեպքում Բաքուն առաջ կքաշի իր պայմանները։
Նա նաև հայտարարել է, որ մերժում է Արցախում հանրաքվե անցկացնելու հնարավորությունը։
Zham.am