Հակառակորդի երեկվա կորուստները՝ 830 զինծառայող, 39 զրահատեխնիկա, 4 ՍՈւ -25 ինքնաթիռ, 3 ուղղաթիռ, 17 ԱԹՍ
Երեկ ինտենսիվ մարտեր են ընթացել ամբողջ ռազմաճակատով, հակառակորդը շարունակել է գրոհել ՊԲ մարտակարգերը՝ կիրառելով ինքնաթիռներ, ուղղաթիռներ, հրթիռահրետանային ողջ զինանոցը՝ օգտագործելով նաև զրահատանկային և հատուկ նշանակության ստորաբաժանումներ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը։
«Մարտական գործողությունների դինամիկան, կիրառված սպառազինությունը, ռազմական տեխնիկան և անձնակազմի քանակն աննախադեպ էր հատկապես հյուսիսային և հարավային ուղղություններով։ Հակառակորդի մարտական և մարտավարական իրադրությունում էական փոփոխություններ չեն գրանցվել։ Գիշերվա ընթացքում լարվածությունը մի փոքր նվազել է, սակայն հրետակոծումները շարունակվում են անընդմեջ»,- ասաց նա։
Արթուր Սարգսյանի խոսքով՝ ՊԲ ստորաբաժանումներն իրենց առջև դրված խնդիրները կատարել են փայլուն և անթերի՝ ձախողելով հակառակորդի առաջխաղացման բոլոր փորձերը։ Անհաջողություն կրելով՝ թշնամին այս անգամ ևս իր ձեռագրին համապատասխան թիրախավորել է հայկական բնակավայրերը և խաղաղ բնակչությանը, մասնավորապես, Մարտակերտ, Մարտունի, Հադրութ քաղաքները, որի ընթացքում վիրավորվել են նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
«Հակառակորդի խոցված սպայի մոտ հայտնաբերվել է իսրայելական արտադրության ռադիոկայան, որի վերծանման և օգտագործման արդյունքում պարզվել է, որ նշված ուղղություններով խմբավորումները ղեկավարվում են հիմնականում արաբերեն լեզվով։ Եզրակացությունը թողնում եմ ձեզ։ Հակառակորդի կորուստները կազմել են՝ 39 զրահատեխնիկա, 4 ՍՈւ -25 ինքնաթիռ, 3 ուղղաթիռ, 17 ԱԹՍ, անձնակազմի կորուստը շուրջ 830-ի կարգի է»,- նշեց Արթուր Սարգսյանը։ Նրա խոսքով՝ ոչնչացվել է նաև հրետանային դիվիզիոն։
Zham.am