«Արցախ հայրենի մեր երկիրը կանչում է մեզ ամենքիս՝ պաշտպանելու մեր ազգի իրավունքները». Գարեգին Բ. Տեսանյութ
«Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը` վերստին խախտելով զինադադարը, ուխտադրուժ կերպով նախահարձակ են եղել շփման գծի ողջ երկայնքով՝ ռմբակոծելով Արցախի խաղաղ բնակավայրեր, այդ թվում և մայրաքաղաք Ստեփանակերտը։
Արցախ հայրենի մեր երկիրը վերստին կանչում է մեզ ամենքիս՝ պաշտպանելու մեր ազգի իրավունքները, մեր սրբազան հողը, մեր ապագան ու ազգային արժանապատվությունը։
Կոչ ենք անում մեր ժողովրդին միասնության և քաղաքական բոլոր ուժերին՝ ստորադասելու հակասությունները հանուն Հայրենիքի պաշտպանության կարիքների։
Այս պահին, այցով գտնվելով Իտալիայում, որի ընթացքում պետք է հանդիպում ունենայինք Մեր սիրեցյալ եղբայր Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ, ընդհատում ենք այն և անհապաղ վերադառնում Հայրենիք։
Աստված պահապան Արցախ աշխարհին, զորավիգ ու ապավեն՝ մեր քաջազուն զինվորներին ու հրամանատարներին». Գարեգին Բ, Ամենայն հայոց կաթողիկոս:
Սեպտեմբերի 27-ին հայրապետական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Վեհափառ Հայրապետը շեշտել է աշխարհասփյուռ հայության ներուժի համախմբման կարևորությունը և իր զորակցությունը հայտնել ՀՀ իշխանություններին:
Ինչպես ավելի վաղ տեղեկացվել է, Վեհափառ Հայրապետն ընդհատել է իր այցը Իտալիա ու Վատիկան և վերադառնում է Հայրենիք։