«Հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում տարածաշրջանում». Արման Աբովյան
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում տարածաշրջանում Իրանի ուղղությամբ։ Կարծես թե, ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում, ամերիկացիները շարունակում են սեղմել իրանցիներին պատժամիջոցներով, իրանցիներն ի պատասխան լայնածավալ ավելացնում են սեփական ռազմական կարողություները, կարծես թե, ամեն ինչ տրամաբանության մեջ է, սակայն մենք ունենք շատ կարևոր նորություն, որին պետք է շատ ուշադիր վերաբերվենք։
Ամերիկացիները կարողացան կոտրել հակաիսրայելական «միաբանությունը» արաբական երկրների մեջ՝ փաստացի վերաձևավորելով Միջին Արևելքի հակաիսրայելական ճակատը:
Հիշեցնեմ, որ ԱՄԷ և Իսրայելի միջև կնքվեց առևտրատնտեսական համագործակցության պայմանագիր, ինչն իրականում Թրամփի վարչակազմի լրջագույն հաղթանակն է շատ կարևոր ամերիկյան նախընտրական շրջանում։
Կհարցնեք. իսկ Իրանը ի՞նչ կապ ունի այս ամենի հետ. տեսեք, չնայած որ Իրանն ունի խորքային տարաձայնություններ Պարսից ծոցի սունիտական թագավորությունների հետ, այնուամենայնիվ, Իրանի համար չափազանց կարևոր էր հակաիսրայելական ճակատի անսասան պահպանումը, և Իսրայելի փաստացի ուժեղացումը տարածաշրջանում վտանգում է իրանական տարածաշրջանային քաղաքականության կոնցեպտին։
Մեզ համար այս տարածաշրջանային տեղաշարժերը նույնպես կարևոր են, քանզի իրավիճակի սրացումները կամ ձևափոխումներն իրանական ուղղությամբ, ուզենք, թե չուզենք, աննուղղակի ազդեցություն կունենան նաև մեր ուղղությամբ»: