Հայաստանը մտադիր է արաբների եւ ասորիների հայրենիքը դառնալ
Միանշանակ, Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է, որ հայրենադարձությունը մեր ազգային անվտանգության ծրագրի մի մասն է, որ մենք հայրենադարձության շնորհիվ և հայրենադարձության հաշվին նպատակ ունենք Հայաստանի բնակչությունը զգալիորեն ավելացնել: Սրանք փաստեր են, որոնք գաղտնիք չեն որևէ մեկի համար: Այս մասին օգոստոսի 4-ի պայթյունից հետո Բեյրութում տիրող իրավիճակի առցանց քննարկման ժամանակ ասաց Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
«Լիբանանի դեպքում ունենք մի անուրանալի փաստ՝ տնտեսական ճգնաժամը, որն էլ պարզապես ավելի վատթարացավ COVID-19-ի պատճառով, դրա հետևանքով հայրենադարձության գործընթաց է սկսվել կամ պատճառ է հանդիսացել»,- ասաց նա:
Զարեհ Սինանյանը տեղեկացրեց, որ վերջին երեք շաբաթվա ընթացքում 4 մարդատար ինքնաթիռ՝ մոտ 300 հայրենադարձներով, Լիբանանից եկել է Հայաստան:
«Դրանք մարդիկ են, որ մի ուղղությամբ տոմսերով են եկել, անձինք են, որոնք ձեռք են բերել անշարժ գույք: Սա տեղի էր ունենում նույնիսկ համավարակից առաջ, և լիբանանահայերը մեզ զգուշացնում էին, որ այս տարի սպասեք, գալու ենք, այս ամենը մեզ ասվում էր, պարզապես COVID-ը և այս արհավիրքը արագացրին ընթացքը»,- ասաց նա:
Զարեհ Սինանյանը նշեց, որ Լիբանանի հայ համայնքը վերջին 40 տարվա ընթացքում նոսրացել է, հիմա էլ այնպես պետք է արվի, որ գան Հայաստան, այլ ոչ թե գնան այլ երկրներ:
«Մենք պետք է այնպիսի իրականություն ստեղծենք Հայաստանում, մենք բոլորս, որպեսզի ոչ շատ հեռավոր ապագայում կարողանանք մտածել ոչ միայն հայերի հայրենադարձման, այլ նաև Հայաստանը դարձնելու հայրենիք մեզ նման ազգերի համար՝ խոսքը Իսպանիայի արաբների, ասորիների, այն ազգերի մասին է, որոնք ազգային անվտանգության վտանգ չեն ներկայացնում Հայաստանին և կարող են հեշտորեն ինտեգրվել Հայաստանում, որովհետև նման ձևերով՝ խելացի, մտածված, քաղաքակիրթ ձևերով, մենք կարող ենք դեմոգրաֆիկ իրավիճակը Հայաստանում փոխել, և դրանից պետք չէ ամաչել, դա ճիշտ քայլ է: Դա արդեն հաջողություն կլինի: Պատկերացրեք՝ մենք Հայաստանը դարձնում ենք մի երկիր, որը գրավիչ է նաև ոչ հայերի համար»,- ասաց նա:
Zham.am