Արտոնություն է տրամադրվել կարագի արտադրությամբ զբաղվող ընկերությանը
Կառավարության որոշմամբ «ԱԱ տրանզիտ» ՍՊԸ-ն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող հումքն օգտագործելու է կարագի արտադրության համար (ք. Գյումրի)՝ իրականացնելով 30 մլրդ դրամի ներդրում: Ներկայումս առկա է 1 աշխատատեղ, կստեղծվի ևս 50 նոր աշխատատեղ` 120 հազար դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 45 մլրդ դրամ, որից 10 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 30 մլրդ դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 5 մլրդ դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 30.5 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում 4.5 մլրդ դրամ:
Գործադիրը հավանություն է տվել «Ինժեներական քաղաք» ներդրումային ծրագրին: «Ինժեներական քաղաք»-ի ստեղծման նպատակով անհրաժեշտություն է առաջացել նաև կարգավորել ծրագրի մասնակից համապատասխան կազմակերպություններին հողամասի հատկացման և դրա հետագա նպատակային օգտագործման ապահովման հարցը: Ըստ այդմ՝ սահմանվում է Ինժեներական քաղաքում հողամասերի անհատույց գործարքի՝ նվիրաբերության միջոցով սեփականության իրավունքով ինժեներական և բարձր տեխնոլոգիական ընկերություններին կամ ոլորտի ինովացիոն կենտրոններին, աքսելերատորներին, ինկուբատորներին փոխանցելու կարգը և պայմանները։