Ազա Բաբայանը ՀՀ դիվանագիտական անձնագիր ստացել է օրենքով սահմանված կարգո՞վ. պարզաբանում
Politik.am կայքը, սեփական աղբյուրներին հղում անելով, հրապարակում է կատարել, որում նշում է, թե իբր Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը դիվանագիտական անձնագիր է տվել «Ռուսաստանի շահերի դեմ գործող «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին»։
«Տեղեկատվության ստուգման կենտրոնին» Հայաստանի արտաքին գերատեսչությունից հայտնեցին, որ քաղաքացի Ազա Բաբայանը ՀՀ դիվանագիտական անձնագիր է ստացել «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։ Ազա Բաբայանի ամուսինը հանդիսանում է ՌԴ-ում հավատարմագրված դիվանագետ։
Դիվանագիտական ծառայության մասին օրենքի 49-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանվում՝ «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագիր տրվում է՝ օտարերկրյա պետություն դիվանագիտական ծառայության մեկնած դիվանագիտական ներկայացուցիչներին, դիվանագետներին, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներին՝ ամուսնուն և մինչև 21 տարեկան չամուսնացած և խնամքի տակ գտնվող զավակներին»։
Ազա Բաբայանը «Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հետ զրույցում նշեց, որ արդեն 17 տարի է, ինչ աշխատում է Մոսկվայում, այդ թվում որպես ֆրիլանսեր՝ «Ազատություն» ռադիոկայանում։ Վերջինս աշխատանքային պայմանագիրը կնքել է «Ազատության»՝ Վաշինգտոնի գրասենյակի հետ։