Սահմանադրական դատարանի՝ արդեն նախկին անդամներն իրավունք չունեն մուտք գործելու ՍԴ վարչական շենք․ ոստիկանություն
Ոստիկանությունը պարզաբանում է տարածել՝ տեղեկացնելով, որ Սահմանադրական դատարանի այն անդամները (դատավորները), որոնց լիազորությունները դադարեցվել են վերջերս ընդունված սահմանադրական փոփոխություններով, իրավունք չունեն մուտք գործելու Սահմանադրական դատարանի վարչական շենք։
«Հունիսի 22-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված և հունիսի 26-ին ուժի մեջ մտած ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածում կատարված փոփոխությունների հիման վրա՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, և պաշտոնավարումը դադարում է:
Սահմանադրական նորմերի անմիջական գործողության տրամաբանությունից ելնելով` արձանագրում ենք, որ եթե լրացել է Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի` այդ պաշտոնում պաշտոնավարման ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարին, ապա Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունները համարվում են դադարած: Նորմի համակարգային վերլուծությունը թույլ է տալիս արձանագրելու, որ սահմանադրական դատարանի արդեն նախկին անդամներն իրավունք չունեն մուտք գործելու Սահմանադրական դատարանի վարչական շենք: Սահմանադրական դատարանի շենքում անցագրային ռեժիմի հետ կապված հարցերը կարգավորված են սահմանադրական դատարանի աշխատակարգի 3-րդ հավելվածով»,- ասված է ոստիկանության հաղորդագրությունում։