Պուտինը նույնպես քվեարկեց
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր՝ քվեարկությունների վերջին օրը, մասնակցել է երկրի Սահմանադրության փոփոխության հանրաքվեին։ Նա քվեարկել է Մոսկվայում՝ Գիտությունների ազգային ակադեմիայի շենքում բացված ընտրատեղամասում, որտեղ ավանդաբար քվեարկում է։ Այս մասին հայտնում է «Գազետան»։
Այսօր քվեարկությունները ավարտվում են, և բոլոր տեղամասերի փակվելուց հետո՝ տեղական ժամանակներով 20։00-ից սկսվելու է քվեների հաշվարկը։ Դրա ընթացքում հաշվվելու են տեղամասերում, շրջիկ տեղամասերում ու փոստային ծառայություններով ստացված ձայները։
Սահմանադրության փոփոխությունների ընդունման դեպքում, ի թիվս այլ կարգավորումների, Պուտինի նախագահական ժամկետները զրոյացվում են, ինչի արդյունքում նա կարող է երկիրը ղեկավարել ևս երկու նախագահական ժամկետով՝ մինչև 2036 թվականը։ Պուտինը նախագահի ու վարչապետի պաշտոնում երկիրը ղեկավարում է արդեն 20 տարի։
Zham.am