Բաքվի բռնապետը պետք է, մեղմ ասած, լռի. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաքվի բռնապետը հերթական «բոցաշունչ» ելույթում, հենվելով ներհայաստանյան լարված պայքարի ընձեռած քարոզչական բացերի վրա, անթաքույց վիրավորական շեշտադրումներով փորձել է «պախարակել» նաև Հայաստանի անկախության պատմությունը՝ այն անվանելով «ամոթալի»։
Իրականում Հայաստանի անկախության պատմությունը փառապանծ է՝ անթերի ինքնորոշմամբ և դրան զուգորդված փայլուն ռազմական հաջողություններով, որոնք ամոթալի են հենց Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման վերջին տասնամյակների պատմության համար, քանի որ Բաքվի նույն այս բռնապետի պաշտոնական քարոզչության համաձայն, նրա հայր Հեյդար Ալիևն է փրկել հայկական հուժկու հարվածների տակ տարածքներ կորցնող և փաստացի փլուզման եզրին կանգնած «ադրբեջանական պետականությունը»։
Այնպես որ, Բաքվի բռնապետը պետք է, մեղմ ասած, լռի, քանի որ մեծ է հավանականությունը, որ կրկնելով հոր ճակատագիրը, պատմությունն իրեն էլ կարող է հնարավորություն ընձեռել այս անգամ արդեն փրկելու Կուրի ձախափնյակի գոնե մի հատվածը և արձաններ ունենալու այդ շրջանի ամեն մի գյուղական բնակավայրում»։