Հայաստանի իշխանությունները 3-4 անգամ բարձրացնում են անշարժ գույքի հարկը
Այս օրինագծով Հայաստանի կառավարությունը նախատեսում է բարձրացնել անշարժ գույքի հարկը, ինչպես նաեւ հարկ սահմանել գույքի համար, որի արժեքն առնվազն 3 միլիոն դրամ է գնահատվում: Այս մասին հունիսի 24-ին Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկմանն ասաց Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:
Ըստ նրա՝ օրինագծի նպատակը «տեսանելի հարստության» կամ գույքի համարժեք հարկադրումն է: «Գործող օրենսդրության հիմնական խնդիրն այն է, որ անշարժ գույքի հարկի բազան, որն, ըստ էության, կադաստրային արժեքն է, շեղվում է շուկայական արժեքից այն իմաստով, որ շատ ցածր է գնահատված»,- ասաց փոխնախարարը:
Նա նաեւ պարզաբանեց, որ սույն օրինագծի ընդունման եւ իրագործման արդյունքում նախատեսվում է ավելի «արդար հարկային բեռ» սահմանել տեսանելի գույքի վրա՝ դրանով իսկ ապահովելով պետական վերաբաշխման գործառույթի արդյունավետ իրականացումը:
Սակայն իշխանությունները չեն բացատրում, թե որն է արդարության տարրը, երբ միջինում 3-4 անգամ բարձրանում է ընտանիքների մեծամասնության կողմից սովետական իշխանության օրոք անվճար ստացած բնակարանների հարկը, եւ ինչ կապ ունի «հարստությունը», երբ խոսքը 50-ամյա «խրուսչյովկաների» մասին է:
Zham.am