Ունեք 24 ժամ՝ ընդդիմադիր դեմքը չկորցնելու համար
Եվ այսպես, Հայաստանի ներքաղաքական դաշտում հայտնվեց լակմուսի թուղթ, որը պետք է ցույց տա` ով ով է իրականում: Այդ լակմուսի թուղթն այսօր Ազգային Ժողովի իրենցքայլականների ընդունած օրինագիծն է` ուղղված Սահմանադրական դատարանի դատավորների դեմ:
Ինչպես հայտնի է, խորհրդարանական ընդդիմությունը` հանձինս <<Բարգավաճ Հայաստանի>> և <<Լուսավոր Հայաստանի>>, բոյկոտեց այդ ապօրինի, հակասահմանադրական քվեարկությունը, ինչը միանշանակ ողջունելի է: Սակայն միայն բոյկոտով այս հարցը չի կարող ավարտվել:
ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն պետք է մտնեն Սահմանադրական դատարան և վիճարկեն այդ խայտառակ օրենքը, քանի որ ոչ մի ժողովրդավարական երկրում չի լինում դեպք, երբ պառլամենտական ընդդիմության բացակայության և բոյկոտի պայմաններում իշխանական պատգամավորները անեն իրենց սրտի ուզածը և դրա անունը դնեն <<դեմոկրատիա>>:
Խորին հարգանք տածելով <<Բարգավաճ Հայաստան>>, ինչպես նաև <<Լուսավոր Հայաստան>> կուսակցությունների նկատմամբ, իրավական պետություն ունենալու նրանց ձգտումների, հայրենիքի ճակատագրի հանդեպ նրանց մտահոգության նկատմամբ, ուզում եմ դիմել նրանց և ընդգծել` հարգելիներս, այսօր դուք ունեք աննախադեպ հնարավորություն Հայաստանը իշխանական խունտայի ճիրաններից ազատագրելու գործում:
Այսօր մենք բոլորս անդունդի եզրին ենք: Ժողովուրդը ձեզ` ԲՀԿ և ԼՀԿ խմբակցություններին, գործուղել է խորհրդարան, որպեսզի դուք պաշտպանեք և նեցուկ լինեք հասարակ ժողովրդին, հավատարիմ լինեք ձեր ընտրողներին, գործուղել է այն բանի համար, որպեսզի ծանր պահերին ընտրողը կարողանա հույս դնել ձեզ վրա:
Անդունդի եզրին կանգնած լինելով` մենք ազգովի պետք է որոշենք` կամ ընկնում ենք ձորը, կամ ետ քայլ ենք անում ու շարունակում պայքարը Հայաստանի ապագայի համար: Որպես իրավական պետության ջատագով` ես հորդորում եմ, խնդրում եմ, որ դուք իրականացնեք ձեր մանդատների առաքելությունը:
Իրավական տեսանկյունից դուք ունեք 24 ժամ ժամանակ, որպեսզի օրենքով սահմանված կարգով վիճարկեք վերոնշյալ հակասահմանադրական օրենքը: Եթե հանկարծ ինչ-ինչ պատճառներով ձեր երկուսից որևէ մեկը այս բեկումնային պահին հրաժարվի գնալ պայքարի այդ ճանապարհով, թող հետայսու իրեն ընդդիմադիր չհռչակի, այլ ինչպես մարդամեկն էր ասում` հանգիստ նստի տեղը և այլևս ընդվզման հայտ չներկայացնի: Եթե նշված երկու ուժերից որևէ մեկը չդիմի ՍԴ, լակմուսի թուղթը ցույց կտա, որ այդ ուժը գրպանային ընդդիմություն է, Նիկոլի ծառան և շատ ավելի մեծ մեղքի բաժին է կրելու հայ ժողովրդի առաջ, քան ինքը` փոքրիկ բռնապետը:
Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից