Հանրապետության փողոցի նրբանցքի հին երևանյան կառույցը քանդել են, ատամնավոր քիվերն ու այլ մանրամասներ շպրտված են իրար վրա. հնագետ. Լուսանկար
Հանրապետության (նախկին Ալավերդյան) փողոցի նրբանցքի հին երևանյան այս կառույցը քանդել են վերջերս: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հնագետ Արման Նալբանդյանը:
Նա նշել է, որ գնացել է իր աչքով տեսնելու ցավոտ տեսարանը:
«Քանդել էլ կա, քանդել էլ…
Ատամնավոր քիվերը և այլ մանրամասներ անխղճորեն շպրտված են իրար վրա, ոնց որ բարբարոս ցեղեր անցած լինեն տարածքով»,-գրել է նա։
Հնագետը նշել է, որ գուցե այդ շենքը շատերի համար այդքան էլ մշակութային արժեք չէր:
«Լավ, ասենք թե այլընտրանք չկար ու պիտի քանդեին, բայց միթե մի սրտացավ մարդ չի եղել ամենավերին օղակներից մինչև վերջին բանվորը, որ էդ քարերը անվնաս ու շնորհքով տեղավորեր, համարակալեր, առանձնացներ... հարգեր անցյալը։
Մարդիկ էլ կարողա լինեն ասեն, որ հուշարձան չէր էս շենքը, լավ էդ մարդիկ պիտի հասկանան, որ հուշարձանը ցանկի մեջ լինել֊չլինելով չի որոշվում, այլ իր մշակութային էությամբ, իր պատմությամբ, իր մեջ հուշեր պահպանելու զորությամբ»,-գրել է նա։