Խորհրդարանը քննարկում է երեխայի ծննդյան վկայականում նաև ՀԾՀ-ն նշելու օրինագիծը
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է ՀՀ «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության ներկայացրած փաթեթով առաջարկվում է երեխայի ծննդյան վկայականում նշել նաև Հանրային ծառայության համարանիշը:
Օրենքների նախագծերի փաթեթը Ազգային ժողովում հունիսի 3-ին ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը:
«Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է ծննդի պետական գրանցման ակտում և ծննդի վկայականում, ի թիվս այլ տվյալների, ծնողների համաձայնությամբ՝ նշել նաև Հանրային ծառայության համարանիշը: Երեխայի հանրային ծառայության համարանիշն ամրագրող պաշտոնական փաստաթուղթ կհանդիսանա նաև երեխայի ծննդյան վկայականը և ծննդի պետական գրանցման մասին տեղեկանքը, ինչը կնվազեցնի Հանրային ծառայության համարանիշը ստանալու վարչարարությունը»,- ասաց Դանիելյանը: