Նախագահի աշխատակազմում փետրվար ամսին հատկացվել է 33,4 մլն դրամ պարգևավճար
AntiFake.am-ը շարունակում է հանրությանը ներկայացնել պետական ապարատի տարբեր կառույցներում հատկացվող պարգևավճարների չափը։ Աղբյուրը հարցում է ուղարկել ՀՀ նախագահի աշխատակազմ՝ խնդրելով տրամադրել կառույցում 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում հատկացված պարգևատրումների ընդհանուր չափը։
Ի պատասխան հարցման՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել են, որ Հանրապետության նախագահի աշխատակազմում չեն եղել և չկան ամեն ամսվա կտրվածքով տրվող պագևավճարներ կամ հավելավճարներ:
Հանրապետության նախագահի աշխատակազմի աշխատակիցները վերջին անգամ պարգևավճարներ ստացել են 2020 թվականի փետրվարին` օրենքով սահմանված կարգով և ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» և «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածներով՝ ընդհանուր 33,4 մլն դրամի չափով, որը համարժեք է շուրջ 69.000 ԱՄՆ դոլարին։
Այլ պարգևատրումներ չեն իրականացվել: Միաժամանակ տեղեկացրել են, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնավարման օրվանից սկսած պարգևավճար չի ստանում, իսկ աշխատավարձն ուղղում է տարբեր ծրագրերի: