Սերժ Թանկյանն ադրբեջանական գրառում չի տարածել․ նրա հաշիվը կոտրել էին
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը գրառում է կատարել «Թվիթեր» սոցիալական ցանցի իր միկրոբլոգում՝ նշելով, որ իր հաշիվը կոտրել էին և իր անունից տարածել գրառումներ։ «Անտեսել ցանկացած գրառում, որն այդ ժամանակահատվածում արվել է կամ տարածվել է իմ անունից»,- նշել է հայազգի երգիչը։
Ավելի վաղ Սերժ Թանկյանի հաշվով տարածվել էր ադրբեջանական այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» հասարակական կազմակերպության ղեկավար, Ադրբեջանի խորհրդարանի նորանշանակ պատգամավոր Թուրալ Գյանջալիևի աշխատակիցներից մեկի գրառումը։ Գրում է «168.am»-ը։
Նշված անձի գրառումը վերաբերում էր մարտի 31-ին արցախում կայացած խորհրդարանական և նախագահական ընտրություններին ու պարունակում էր ակնհայտ հակահայկական կոչեր։
Սերժ Թանկյանի անունից նշված գրառման տարածումից հետո ադրբեջանական մամուլում սկսեցին հայտնվել «հայկական արմատներով հռչակավոր ամերիկացի երգիչը սատարում է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի կոչին» վերնագրով նյութեր։
Հայազգի երգչի կատարած գրառումը ցույց է տալիս, որ նշված սադրանքն իրականացվել է միտումնավոր կերպով, և նա որևէ կապ չունի այդ գրառման տարածման հետ։