«Դոմոդեդովոյում» մնացած հայերը անորոշության մեջ են. Դեսպանը սնունդ ու պաշտպանիչ պարագաներ է բաժանում. Տեսանյութ
Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարությամբ է հանդես եկել «Դոմոդեդովոյում» մնացած հայերի մասին` հայտնելով, որ դեսպան Վարդան Տողանյանը զրուցել է նրանց հետ։
«Ողջ օրվա ընթացքում ՌԴ–ում Հայաստանի դեսպանության աշխատակիցները կապ են պահպանել օդանավակայաում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ, որոնք երկու չեղարկված թռիչքների հետևանքով մնացել էին օդանավակայանում։ Նրանց հետ կապ է պահպանել նաև դեսպանն ու դեսպանորդ Բորիս Սահակյանը»,–նշված է հաղորդագրության մեջ։
«Հրապարակի»-ին հաջողվեց կապ հաստատել նրանցից մի քանիսի հետ: «Երեկ մարդիկ ավելի շատ էին, հիմա մնացել է մոտ 18-19 մարդ», - մեզ հայտնեց Hraparak.am-ի հայրենակիցներից մեկը, որը պետք է ապրիլի 2-ին վերադառնար Երևան:
Նա «Հրապարակի» համար նկարահանել է, թե ինչպես են ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը և դեսպանատան աշխատակիցները այցելել «Դոմոդեդովո», խոսել մարդկանց հետ, սնունդ, դիմակներ ու այլ պարագաներ բաժանել օդանավակայանում մնացածներին:
«Իհարկե, մենք շնորհակալ ենք, բայց մենք սպասում ենք, որ ինքնաթիռ լինի, խոստացել են, որ կլինի, իսկ քանի դեռ ինքնաթիռ չկա, մեր վիճակն անորոշ է», - ասաց մեր հայրենակիցը: