«Երևանի քաղաքապետը պետք է հաղթահարի վիրուսից իր վախերը և վերադառնա աշխատանքի». Դավիթ Խաժակյան. Տեսանյութ
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում զրուցել ենք Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ
– Պարոն Խաժակյան, ինչպե՞ս եք գնահատում կորոնավիրուսի դեպքերի գրանցման այս խառը իրավիճակում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի արձակուրդում գտնվելը. սովորաբար նման իրավիճակում բոլորն արտակարգ ռեժիմով են աշխատում:
– Բնականաբար, աշխատում են արտակարգ ռեժիմով, հատկապես՝ տեղական իշխանությունները, և Երևան քաղաքում ՏԻՄ մասին օրենքով՝ համաճարակների դեմ պայքարի կամ դրանց ռիսկերի կառավարման լիազորությունը պատկանում է հենց քաղաքապետին, որովհետև վտանգն իսկապես մեծ է, և քաղաքապետը պետք է լինի իր տեղում և աշխատանք կատարի: Մինչդեռ, մենք գիտենք, որ քաղաքապետը գտնվում է չհայտարարված արձակուրդում, այսինքն՝ մեկ էլ պատահական մամուլից իմացանք, որ նա արձակուրդում է, և անգամ չգիտեինք՝ երկրո՞ւմ է, թե՞ ոչ: Պարզվեց, որ երկրում է, հիմա էլ տարօրինակ է, որ չի վերադառնում արձակուրդից: Անգամ վարչապետն այս արտառոց իրավիճակում դադարեցրեց արձակուրդը, վերադարձավ աշխատանքի և միջոցներ են ձեռնարկում: