Ես ճակատագրապաշտ չեմ, բայց կան բաներ, որ այլ կերպ բացատրել չի լինում
Ես ճակատագրապաշտ չեմ, բայց կան բաներ, որ այլ կերպ բացատրել չի լինում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է հրապարակախոս, Հանրային խորհրդի արդեն նախկին անդամ Արծրուն Պեպանյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Եղեռնից հետո հազարավոր մանուկներ էին փրկվել, տեղափոխվել Էջմիածին՝ եկեղեցու տարածք: Սովից ու հիվանդություններից նրանցից շատերը մահացան: Նրանց բոլորին թաղեցին միասնական մի տարածքում:
Անցան տարիներ: Վեց, թե յոթ , գուցե ավելի, տարի առաջ տեղեկացա, որ այդ տարածքի վրա, սովից մեռած երեխաների գերեզմանոցի տեղում, կառուցապատելու, որքան հիշում եմ՝ բիզնես նպատակով, նախաձեռնություն կա: Դիմել էին մեր կառավարությանը, եւ պատասխանը եղել էր այսպիսին՝ թույլատրել, քանի որ ....գերեզմաններից վարակի վտանգ չկա:
Այսինքն՝ ի՜նչ սրբություն, ի՜նչ հիշատակ, ի՜նչ սրտացավություն....
Այս մասին լսելով՝ ես շոկի մեջ էի: Եթե աստվածը լինեի, ապա հաստատ մի պատիժ կսահմանեի»: