Սորոսի երազած աշխարհում մարդը նույնիսկ չի կողմնորոշվում, թե ինչ սեռի է պատկանում
Աշխարհում գենդերային տեսության հիմնադիրներից մեկը համարվում է Ջութիդ Բաթլերը։ Գենդեր հասկացության սահմանումները, սոցիալական սեռի բնութագրերը և գենդերային ինքնության արտահայտչաձևերի սահմանումները մեծամասամբ հենց Ջուդիթ Բաթլերի տեսությունից են վերցված, որն էլ հետագայում օգտագործվել է Սորոսի հիմնադրամի կողմից սեռական դաստիարակության կրթական ծրագրերում։
Աշխարհի մի շարք երկրներում՝ այդ թվում արևմտյան քաղաքակրթության հետևորդ, արդեն պայքար է ընթանում գենդերային գաղափարախոսության դեմ, քանի որ այն իրականում որևէ կապ չունի եվրոպական, առաջադեմ հայացքների հետ, հակառակը՝ հոգեբանները, սոցիոլոգները նշում են, որ այդ գաղափարախոսությունը հետադիմական է, մարդուն փորձում է հավասարեցնել կենդանիներին և նպատակն է վերացնել ընտանիքի ինստիտուտը, խեղաթյուրել դարեր շարունակ մարդկանց համար ընդունելի արժեհամակարգը։ Այս թեմայով բավականին հետաքրքիր աշխատություններ ունի գերմանացի հեղինակ Գաբրիելա Կուբին, ով Գերմանիայում պայքարում է գենդերային գաղափարախոսության դեմ։
Մարդկության վզին փաթաթված այս կեղծ օրակարգն արդեն կամաց-կամաց դառնում է մարդկությանը սպառնացող վտանգ։ Լավագույն տարբերակն է առհասարակ չթույլատրել գենդերային գաղափարախոսության գործարկումը երկրում, քանի որ ներդրվելուց հետո արմատախիլ անելն, ինչպես ցույց է տալիս այլ երկրների փորձը, շատ բարդ է և դեռևս հաջող օրինակներ չկան։
Գենդերային հավասարության գաղափարախոսությունը ներդրվում է կանանց և տղամարդկանց հավասարության անվան տակ, սակայն այն որևէ աղերս չունի կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարության հետ։
Գենդերային գաղափարախոսության ամբողջական գործարկման համար անհրաժեշտ է Ստամբուլյան կոնվենցիայի դրույթների իրագործումը, որից հետո գրեթե անհնար կդառնա արմատախիլ անել ընտանիքի գաղափարի դեմ ուղղված կատաղի պայքարը, երեխաների շրջանում գենդերային գաղափարախոսության տարածումն ու քարոզչությունը, որին արդեն ծանոթ են մի շարք երկրներում, և նախկին վիճակը վերադարձնելու ձևեր են փորձում գտնել՝ իրենց երեխաներին պաշտպանելու և փրկելու համար։
Մենք դեռ ունենք ժամանակ և հնարավորություն կանխելու այս համաշխարհային վտանգի տարածումը մեր երկրում, հետևաբար պետք է լինել շատ զգոն, չտրվել մանիպուլյացիաներին, չընկնել ժողովրդավարության անվան ներքո գեղեցիկ փաթեթավորված թունավոր գաղափարների ազդեցության տակ։
Հ․Գ․ Սորոսի աշխարհում մարդը ծնված օրվանից ոչ թե մտածում է կատարելագործվելու, ստեղծագործելու, հոգևոր արժեքների, ընտանիքի, պետության, ազգի մասին, այլ ամբողջ կյանքում գտնվում է փնտրտուքների մեջ, չունի հաստատուն արժեհամակարգ՝ նույնիսկ չի կողմնորոշվում, թե ինչ սեռի է պատկանում։ Այդպիսի մարդկանց կառավարելը շատ ավելի հեշտ է և քիչ ծախսատար։
Անի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից