Չինացի աշակերտները «տապալել են» հավելվածի վարկանիշը App Store-ում, որ տնայինները չանեն
Չինական Ուհան քաղաքի դպրոցականները, որոնք կորոնավիրուսի կարանտինի պատճառով անցել են տնային ուսուցման, «տապալել են» DingTalk հավելվածի վարկանիշը, որի միջոցով ստանում էին տնային առաջադրանքները: Նրանք դա հատուկ են արել, որ այլևս տնայիններ չստանան, գրում է TJournal-ը:
Reuters-ը գրել էր հավելվածը միտումնավոր ցածր գնահատելու մասին դեռևս փետրվարի վերջում:
Բրիտանական London Review of Books-ի զեկույցում ասվում է. «փոքրիկ չարաճճիները պարզել են, որ եթե օգտատերերի բավարար քանակ մեկ աստղ դնի հավելվածին, ապա այն կհեռացվի App Store-ից»: Դրանից հետո հավելվածի գնահատականը մեկ գիշերում 4,9-ից նվազել է մինչև 1,4: DingTalk-ի սեփականատերերը ստիպված են եղել «ներում» աղերսել:
«Հավելվածը միայն 5 տարեկան է: Խնդրում ենք, մի սպանեք այն»,- գրել են նրանք սոցցանցերում:
Հետագայում դրա վարկանիշը մի փոքր աճել է՝ հասնելով 2,2-ի: Եվ դեռ պարզ չէ, թե ով կհաղթի այս պայքարում:
Աղբյուր՝ Panorama.am