Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան. Դատախազություն
ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան: Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, NEWS.am-ին հայտնեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:
Նշենք, որ Գլխավոր դատախազությունը 2 անգամ չէր հաստատել Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի գործով մեղադրական եզրակացությունը եւ գործն ուղարկել ՀՔԾ՝ լրացուցիչ քննության՝ նշելով, որ համաձայն չէ արարքի որակման հետ։ Մասնավորապես՝ ըստ դատախազության մեղադրանք պետք է առաջադրվեր ոչ թե ՍԴ լիազորություններին տիրանալու, այլ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։
ՀՔԾ-ն փոխեց մեղադրանքները. Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով, իսկ Արսեն Բաբայանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով: