ՀՔԾ-ն դատարանի որոշմամբ վերադարձրել է Հովիկ Աբրահամյանի անձնագիրը
Factor.am-ի տեղեկություններով նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի անձնագիրը ՀՔԾ-ն վերադարձրել է նրան։ ՀՔԾ-ն նախկին բարձրաստիճան պաշտոնյայի անձնագիրը վերադարձրել է այն բանից հետո, երբ դատարանը գտել է, որ Աբրահամյանից անձնագիրը վերցնելը եղել է ոչ իրավաչափ։ Հովիկ Աբրահամյանը մեր զանգերին չպատասխանեց։ ՀՔԾ-ից ևս չհաջողվեց տեղեկություն ստանալ։
Հիշեցնենք, որ դեռևս 2018 թվականի սեպտեմբերի 28-ին նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «մի խումբ դիմակավորներ գնացել են իր տուն և վերցրել իր անձնագիրը»: «Ո՛չ իմ փաստացի բնակության, և ո՛չ էլ հաշվառման վայրերում իրականացված խուզարկության արդյունքում որևէ անօրինական առարկա չհայտնաբերվեց, սակայն չնայած դրան, իրավապահներն առգրավեցին իմ անձնագիրը՝ կոպտորեն խախտելով ՀՀ օրենսդրությունը: Ավելին՝ խուզարկություն կատարվեց Մխչյանի մեխանիկական գործարանի տարածքում և նախ հրապարակայնորեն փորձ արվեց տարածքը կապել իմ անվան հետ, իսկ այդուհետ՝ այդ տարածքում հայտնաբերված զենքերը կապել Մարտի 1-ի հետ: Ակնհայտ է, որ փաստերի նման շղաթայական խեղաթյուրման թիրախը ես էի»,- գրել էր Աբրահամյանը։