Ղազախստանում անկարգությունների հետևանքով 8 մարդ է զոհվել. Տեսանյութ
Ղազախստանի հարավային Կորդայ շրջանում տեղի ունեցած կոնֆլիկտի հետևանքով գրանցվել է ութ զոհ: Այս մասին հայտնել է Ղազախստանի Ներքին գործերի նախարար Երլան Տուրգումբաևը:
Ինչպես նշում է nur.kz կայքը, պաշտոնյան մանրամասնել է, որ մարդիկ զոհվել են անկարգությունների հետևանքով ստացած մարմնական ծանր վնասվածքներից: Հայտնի է, որ միջադեպի հետևանքով կա չորս տասնյակ վիրավոր:
Բախումները սկսվել են ուրբաթ երեկոյան: Ի սկզբանե դրան մասնակցել է 70 մարդ, սակայն հետզհետե մասնակիցների թիվը հասել է 300-ի: Նշվում է, որ վեճը սկսվել է իրավապահների և գյուղերից մեկի բնակիչների միջև:
Նշվում է, որ անկարգությունների մասնակիցները փակել են ճանապարհներն ու մեքենաներ այրել:
«Ծառայողական պարտականությունները կատարելիս ոստիկանության աշխատակիցները տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, երկուսը՝ հրազենային», - ասաց ՆԳՆ նախարարը:
Երկրի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը կարգադրել է ստեղծել պետական հանձնաժողով ու պարզել կատարվածի պատճառները:
Zham.am