Դեկտեմբեր-մարտ ընկած ժամանակահատվածում, եթե վարորդը երթևեկում է ոչ ձմեռային դողերով, ապա ենթարկվելու է տույժի՝ 20.000 ՀՀ դրամի չափով
Կառավարության այսօր նիստում, զեկուցվող հարցերի թվում կառավարությունը հավանություն կտա «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին:
Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է, որ դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում վարորդները պարտադիր վերազինվեն ձմեռային անվադողերով, ինչպես նաև վարելու ընթացքում միացված լինեն մոտակա լուսային լապտերները:
Նախագծով սահմանվում է նաև վարչական պատասխանատվություն այն վարորդների նկատմամբ, ով խախտել է նախագծով սահմանված պարտադիր դրույթները:
Մասնավորապես, դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում, եթե վարորդը երթևեկում է ոչ ձմեռային դողերով, ապա ենթարկվելու է տույժի՝ 20.000 ՀՀ դրամի չափով, ինչպես նաև տրանսպորտային միջոցը տեղափոխվելու է հատուկ պահպանվող տարածք: Վերոհիշյալ ժամանակահատվածում եթե վարորդը երթևեկում է առանց միացված մոտակա լուսային լապտերների, ենթարկվելու է տույժի՝ 5.000 ՀՀ դրամի չափով: