Եթե կարգապահական միջոց է կիրառվում և հեռացվում է ԲՀԿ 4 պատգամավոր, ապա պետք է հեռացվի նաև սադրիչը` Բաբաջանյանը. Արման Աբովյան. Տեսանյութ
Արդեն որերորդ անգամ պարոն Բաբաջանյանը սադրում է, սադրում է ուղիղ, սադրում է անուղիղ: Այս մասին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքը, ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը` անդրադառնալով պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթին:
«Ես, ճիշտն ասած, չհասկացա, թե ինչը բորբոքեց պարոն Բաբաջանյանին, որ այստեղ մենք տեսանք մեկ դերասանի թատրոն»,-ասաց նա և կոչ արեց Գևորգ Պետրոսյանի ելույթը նորից ընթերցել:
«Հասկանում եմ` ինչի համար է նա սադրում, որ լրատվամիջոցում, որը պարոն Բաբաջանյանի հովանավորության տակ է, հայտնվի մի գրառում` ««Բարգավաճ Հայաստանը» պաշտպանում է կրիմինալը»: Ոչ, ևս մեկ անգամ ոչ, չի ստացվի մեր վզին փաթաթել այն, ինչը գոյություն չունի: ԲՀԿ-ն պաշտպանում է քաղաքացու իրավունքները, և այս օրենքը ոտնահարում է քաղաքացու իրավունքները»,-ասաց նա և կոչ արեց բոլորին հանգստանալ:
Մանրամասները՝ Tert.am-ի տեսանյութում: