«Արմեն Սարգսյանը շահագրգռվածություն ունի միջազգային մի պրոյեկտում, որը ենթադրում է լուրջ զիջումներ Հայաստանից և Արցախից». Կոնստանտին Տեր-Նակալյան. Տեսանյութ
Արմեն Սարգսյանը շահագրգռվածություն ունի միջազգային մի պրոյեկտում, որը ենթադրում է լուրջ զիջումներ Հայաստանից և Արցախից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը:
«Արմեն Սարգսյանը հանդիսանում է խոշոր գործարար, «Բրիթիշ պետրոլիում» ընկերության փայատեր: Սա այն ընկերությունն է, որը հանդիսանում է Միջին Ասիայից դեպի Եվրոպա՝ մեր տարածաշրջանով անցնող էներգակիրների մատակարարը: Ընկերությունը վախենում է, քանի որ խողովակաշարի համար ՊԲ-ն և ՀՀ ԶՈւ-երը ռիսկ են ներկայացնում, որովհետև գտնվում են մի քանի տասնյակ կմ վրա: Եթե այդ ռիսկը կյանքի կոչվի, դա կարող է արտահայտվել ֆինանսական կորուստներով, նավթի չափաբաժնի կորուստներով, մենք հիմա սկսում ենք սուբսիդավորել հնարավոր կորուստները»,- նշեց Կոնստանտին Տեր-Նակալյանը:
Հիշեցնենք, որ «Ադեկվադ» միաբանության անդամներն այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ՀՀ նախագահի նստավայրի դիմաց ակցիա էին իրականացրել, որն անվանել էին «Նավթ՝ չեզոքության դիմաց»: Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացը փակուղուց դուրս բերելու նպատակով «Ադեկվադ» միաբանությունն Արմեն Սարգսյանին է մատակարարելու նավթամթերքի այն չափաբաժինը, որը կոչված կլինի գոնե մասամբ բացել աշխարհաքաղաքական շահերի բախման այն կծիկը, որը առաջացել է ասիական էներգակիրների` դեպի Եվրոպա տարանցելու անհրաժեշտությունից:
«Մենք արդեն մի քանի շաբաթ է՝ բարձրաձայնում ենք բոլորի համար ակնհայտ իրողություն, որ Արցախի հիմնահարցի բանակցային սեղանի շուրջ ստեղծվել է խիստ անբարենպաստ, հակահայկական մթնոլորտ, որը կարող է հանգեցնել տարածքային կորուստների: Մենք ասում ենք՝ հասկանում ենք, կան տարբեր շահառուներ, ռիսկերի գնահատումն անենք և փորձենք որոշակի փոխհատուցում տալ շահագրգիռ կողմերին, որպեսզի իրենք պահպանեն չեզոքությունը»,- ասաց «Ադեկվադ» միաբանության անդամը:
Նրանք նաև պահանջում էին Արմեն Սարգսյանից` ստանձնել Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները. «Մենք Արմեն Սարգսյանից շատ բան չենք պահանջում: Միակ բանը, որ իրենից ակնկալում ենք, իր սահմանադրական պարտականությունների՝ գոնե մասնակի կատարումն է: Մենք հիմա պայմանական նավթ ենք տարել, բայց ցանկացած այլ տարադրամ և քանակ կարելի է քննարկել»,- նշեց Կոնստանտին Տեր-Նակալյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: