Ինչ պաշտոններ է այժմ զբաղեցնում Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը
ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը նշանակվել է ՌԴ կառավարությանը կից Փորձագիտական խորհրդի նախագահության անդամ: Փորձագիտական խորհրդի նախագահության կազմը, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, հաստատվել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կողմից: Այս մասին տեղեկացնում է Aysor.am-ը:
Կարեն Կարապետյանից բացի, նախագահության անդամ են նշանակվել ՌԴ կառավարության նախկին երեք ղեկավարներ՝ Վիկտոր Զուբկովը, Սերգեյ Ստեպաշինը և Միխայիլ Ֆրադկովը:
Իրազեկ աղբյուրների տեղեկություններով՝ Կարեն Կարապետյանը հանդիսանում է նաև «Զարուբեժնեֆտ» ԲԸ Տնօրենների խորհրդի անդամ: «Զարուբեժնեֆտ»-ը պետական նավթագազային հոլդինգ է, որն ունի ակտիվներ և նախագծեր ածխաջրածինների երկրաբանական հետազոտության և արդյունահանման, նավթավերամշակման և իրացման ոլորտներում:
Բացի այդ, ՀՀ նախկին վարչապետը ընդգրկված է ռուսաստանյան էներգամեքենաշինական առաջատար հոլդինգի՝ «REP Holding» ԲԸ Տնօրենների խորհրդի կազմում, հանդիսանում է «ԳՊԲ-Էներգոէֆեկտ» ՍՊԸ-ի Տնօրենների խորհրդի անդամ: «ԳՊԲ-Էներգոէֆեկտ» ընկերությունը զբաղվում է էներգետիկ արդյունավետության բարձրացմանն ուղղված համալիր ամբողջական (turn-key) լուծումների մշակմամբ բիզնեսի և բյուջետային ոլորտի համար:
Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ Կարեն Կարապետյանը զբաղեցնում է Ռուսաստանում հորատման սարքավորումների խոշորագույն արտադրող «Ուրալմաշ ՆԳՕ Հոլդինգ» ՍՊԸ Տնօրենների խորհրդի անդամի պաշտոնը, ինչպես նաև ՑՌՏ (Լեզվային տեխնոլոգիաների կենտրոն) Ընկերությունների խմբի Տնօրենների խորհրդի անդամ է:
Մանրամասները՝ Aysor.am-ում: