«Ցիրկը շարունակվում է». Սամվել Բաբայանը չընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը
ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նշենք, որ այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Երեւանի ընհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Գագիկ Պողոսյանի, ընթանում է Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով դատական նիստը։
Դատավոր Գագիկ Պողոսյանն ամբաստանյալներից հետաքրքրվեց, թե ի՞նչ դիրքորոշում ունեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ։ Դատավորի հարցին ի պատասխան՝ 3 ամբաստանյալներն էլ ասացին, որ իրենց համար առաջադրված մեղադրանքը հասկանալի չէ։
«Դուք որ իմանայիք՝ շառ են անում, կընդունե՞իք. Սերոժի պատվերն է»,-ասաց ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը։
Որից հետո հայտարարությամբ հանդես եկավ նաեւ ամբաստանյալ Սամվել Բաբայանը․ «Ցիրկը շարունակվում է․․․ Ձայնագրություններից պարզ երեւում է, որ ես ասում եմ՝ դա տռուբա է։ Հասկանալի է մեղադրանքը, բայց քանի որ վերեւից ներքեւ մեղադրանքը սուտ է, այն չեմ ընդունում։ Պարզ երեւում է ձեր դիրքորոշումը, պետք է գործին ծանոթանալուց հետո կարճեիք, բայց չեք կարճել»։
Այնուհետեւ դատարանը որոշեց սկզբում ուսումնասիրել գործով առկա ապացույցները, հետո առանձնացված գործով ամբաստանյալ Հրաչյա Մայիլյանին հարցաքննել, այնուհետեւ սույն գործով ամբաստանյալներին։
Նշենք նաեւ, որ ԶԼՄ-ներին դատարանը տվեց 10 րոպե ժամանակ տեսանկարահանել դատական նիստը։ Պաշտպանական կողմն առարկեց, նշելով, որ չկա հիմնավորում, թե ինչու չպետք է տեսանկարահանվի նիստը, այնուամենայնիվ դատարանը որոշումը չփոփոխեց։
Դատարանն անցավ գործով առկա ապացույցների ուսումնասիրմանը։
Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ 190-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը՝ փողերի լվացում) եւ դատապարտել 6 տարվա ազատազրկման։ Վերաքննիչը անփոփոխ էր թողել առաջին ատյանի որոշումը, իսկ Վճռաբեկ դատարանը՝ բեկանել այն։
Աղբյուրը՝ News.am