Ռոբերտ Քոչարյանի և այլ նախկին պաշտոնյաների գործով դատական հաջորդ նիստը կկայանա 2020թ․-ին. տեսանյութ . Ուղիղ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է «Մարտի 1»-ի գործի առանձնացված մասով դատական հերթական նիստը: Գործով անցնում են մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ:
«Մարտի 1»-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: «Մարտի 1»-ի գործի շրջանակներում սահմանադրական կարգի տապալման հոդվածին ավելացել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքը:
Նշենք, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի բակում: Նրանք պնդում են, որ գործով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը արդարադատության շահն առաջ տանելու փոխարեն՝ քաղաքական իշխանությունների պատվերն է իրականացնում:
Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ակցիային, ինչպես նաև դատական նիստին կարող եք հետևել Tert.am–ի ուղիղ հեռարձակմամբ։