Իշխանությունները որդեգրել են իրենց ոչ հաճելի լրատվամիջոցներին լռեցնելու քաղաքականությունը. Աղասի Ենոքյան. Տեսանյութ
Քաղաքական տեսանկյունից «Հայելի» ակումբի վրա հարձակումն ու քրեական գործի ընթացքը բնական են, որովհետև իշխանությունները որդեգրել են լրատվամիջոցների հանդեպ խտրական վերաբերմունք, որդեգրել են իրենց ոչ հաճելի լրատվամիջոցներին լռեցնելու քաղաքականությունը, եկեք հասկանանք, որ այս հարձակումը միայն «Հայելի» ակումբին չէր վերաբերում, սրանով փորձ են արել լռեցնել ոչ հաճելի լրատվամիջոցներին, ցույց տվեցին, թե իրենք ինչ կարող են անել:
Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց «Մեդիապաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
Նա նշեց, որ հարձակում գործած անձինք իրենց սոցիալական ցանցերում, մամուլում հայտարարում են, թե՝ այ, տեսեք, թե ինչ ենք արել: Այս ամենը ցույց է տալիս, որ սա հստակ քաղաքականություն է մամուլի ազատության դեմ, ավելին, որ այդ խուլիգանները համոզված են, որ իրենք չեն պատժվելու. «Սա էլ ներկա իշխանությունների քաղաքականության մյուս կողմն է, որ սա էլ իրավական մանիպուլյատիվ կողմն է, որ կա հստակ հանձնարարություն՝ գործը ձգձգելու ու թույլ որակումներ տալու»:
Աղասի Ենոքյանը նաև հիշեցրեց, որ ժամանակին եղել են նման հարձակումներ նաև «Հայկական ժամանակ» օրաթերթի նկատմամբ, և լրագրողական համայնքը շատ միասնական փորձել է դիմագրավել, և իրավիճակը Նիկոլ Փաշինյանին շատ ծանոթ է:
«Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ նման է, որ այս խմբերն ինչ-որ շրջիկ խմբեր են, որոնց իշխանությունը պահում է նման սադրանքներ անելու համար: Այս խումբը դարձել է իշխանությունների աշխատանքային գործիքը»:
Անժելա Թովմասյանն էլ հավելեց, որ Նիկոլ Փաշինյանը, չարձագանքելով այս կամ այն դեպքին, դրանով իսկ նպաստում է, որ այդպիսի գործողություններն այսպիսի ընթացք ստանան:
Հիշեցնենք, որ հոկտեմբերին «Հայելի» ակումբի վրա տեղի ունեցած հարձակման փաստի առթիվ հարուցված է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 164֊րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներովՙ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը:
Մանրամասները՝ տեսանյութում