Եթե ԱԱԾ-ն կկարողանա ապացուցել, որ ես վտանգ եմ ներկայացնում Հայաստանի համար, թող ինձ դատեն օրենքով սահմանված կարգով. Անդրանիկ Հովհաննիսյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին կից գործող «Օրբելի» կենտրոնի փորձագետ ԱՆԴՐԱՆԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆը, ում ձեռքից «Զվարթնոց» օդանավակայանում նոյեմբերի 16-ին սահմանապահները վերցրել են կացության վկայականը եւ առանց մեկնաբանությունների արտաքսել երկրից, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հայ ժողովրդին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝
Ցավով տեղեկացա, որ Հայաստանի Հանրապետության Անվտանգության ծառայությունը տարածում է կեղծ տեղեկություն այն մասին, որ իմ մուտքը դեպի ՀՀ փակ է այն պատճառով, որ ես վտանգ եմ ներկայացնում ՀՀ անվտանգության համար։
Հայտարարում եմ, որ նշված տեղեկությունը բացարձակ սուտ է և որևէ կերպ չի կարող առընչություն ունենալ իմ անձի հետ։
Դիմում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Հայ ժողովրդին՝ հայտարարելով, որ եթե դեպի ՀՀ իմ մուտքի արգելքը հանվի, պատրաստ եմ առաջին իսկ չվերթով վերադառնալ Հայաստան, և եթե Անվտանգության ծառայությունը կկարողանա ապացուցել, որ ես վտանգ եմ ներկայացնում Հայաստանի և Հայ ժողովրդի համար, կամ երբևէ որևէ հանցանք եմ գործել՝ ուղղված Հայոց պետականության դեմ, թող ինձ կալանավորեն և դատեն օրենքով սահմանված կարգով։ Այլապես, կարող եմ եզրակացնել, որ Հայաստանի Հանրապետության Անվտանգության ծառայությունը իրականացնում է գործողություններ, որոնք ծառայում են ոչ թե Հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության, այլ մեր թշնամի Ադրբեջանի և նրա ժողովրդի շահերին։
Ինձ բոլոր ճանաչողները գիտեն, որ ես երբևէ չեմ կարող անել մի բան, որը դեմ կլինի իմ Հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության շահերին։