Դավիթ Տոնոյանը հրավեր չէր ստացել
«168 ժամ»-ը գրում է. Օրեր առաջ մենք անդրադարձել էինք Բաքվում տեղի ունեցած ԱՊՀ Պաշտպանության նախարարների կոմիտեի նիստին, որից մեկ օր առաջ կարճատև այցով Երևան էր ժամանել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Ներկայացրել էինք Շոյգուի այցի ստվերային կողմը, թե իրականում ինչո՞ւ էր նա եկել Երևան, և ի՞նչ է կատարվել այստեղ:
«Բանն այն է, որ ժամանակին՝ դեռևս ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք, ռուսական կողմի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ Երևանում և Բաքվում ԱՊՀ Պաշտպանության նախարարների կոմիտեի նիստեր չեն անցկացվի, որ կողմերը հանգիստ մասնակցեն ու որևէ կաշկանդվածություն չունենան այդ նիստերին մասնակցելու: Եվ այդ պայմանավորվածությունը մշտապես պահպանվել է, երբեք ոչ Բաքվում, և ոչ էլ Երևանում ԱՊՀ Պաշտպանության նախարարների կոմիտեի նիստ տեղի չի ունեցել: Փաստորեն, այս անգամ ՀՀ իշխանություններին չի հաջողվել պահել այդ պայմանավորվածությունը, և նախարարների նիստը նշանակված է եղել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Ակնհայտ էր, որ նման պարագայում հայկական կողմն այդ նիստին չէր մասնակցելու, և որպեսզի մեղմի հայկական կողմի՝ չմասնակցելու հարցը, այդ նիստից մեկ օր շուտ եկել է Երևան, և ապա այստեղից մեկնել Բաքու»,- գրել էր 168.am-ը։
ՀՀ Պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների համաձայն՝ ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության կողմից եղել է նախաձեռնություն՝ երկարամյա ընդմիջումից հետո վերականգնել Երևանում և Բաքվում ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստերի անցկացումը: Եղել են երկուստեք հավաստիացումներ, որ նիստերին նախարարների մասնակցության հետ կապված խնդիրներ չեն ծագելու, և հայկական կողմը տվել է իր համաձայնությունը: Դրա հիման վրա որոշում է կայացվել 2019թ. ԱՊՀ ՊՆԽ նիստերից մեկն անցկացնել Ադրբեջանում, իսկ 2020թ.՝ Հայաստանում (ռուսերեն այբբենական հերթականությամբ):
Ըստ նույն աղբյուրի՝ Բաքվում կայացած նիստին ՀՀ պաշտպանության նախարարի բացակայությունը պայմանավորված է եղել նրանով, որ հայկական կողմն այդպես էլ ադրբեջանական կողմից նիստին մասնակցելու հրավեր չի ստացել»: