Ալիևը պատասխանեց Փաշինյանին. Ադրբեջանի ռազմավարական նպատակը ողջ Հայաստանի գրավումն է, ներառյալ` Երևանը. Տեսանյութ

Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող զարգացումների վերաբերյալ Փաշինյանի իրարարմերժ և հակասական քայլերը պետք է հանգեցնեին Ադրբեջանի կոշտ արձագանքին, ինչ և ակնկալում էինք: Հիշեցնենք, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո Փաշինյանը անընդհատ նշում էր, թե հրաժարվելու է իր նախորդների քաղաքականությունից և ԼՂՀ –ի շուրջ վարելու է այնպիսի քաղաքականություն, որտեղ միաժամանակ՝ մեր կողմից վտանգավոր զիջումներ չեն լինի, և մյուս կողմից սահմաններում կսկսի տիրել հանգստություն: Լուրջ շրջանակները նշում էին, որ նման բան լինում է միայն ... հեքիաթում: Սակայն «հպարտ» քաղաքացիները դեռ հավատում էին Փաշինյանի «դուխով» քաղաքականությանը: Ճիշտ է, ՀԱՊԿ-ի շուրջ վերջին գործընթացներից հետո Փաշինյանի «դուխային» քաղաքականության հանդեպ վստահությունը կասկածի տակ դրվեց, սակայն այն վերջնականապես դեռ չվերացավ շարքային քաղաքացիների մոտ:
Գլխավոր սպասումը Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացից էր:
Վերջին վեց ամիսների ընթացքում, երկու երկրների ԱԳ նախարարների չորս հանդիպումների արդյունքում, անսպասելիորեն շատերի համար, ադրբեջանական կողմը դարձավ «խիստ լավատեսական»: Ավելին, Մամեդյարովը նույնիսկ նշում էր, թե 2019-ը լինելու է «լուրջ առաջընթացի տարի». Իսկ Ալիևը Փաշինյանի հետ երեք հանդիպումներից հետո դարձավ «խիստ խաղաղասեր»: Նույնիսկ Հայաստանի հետ որոշ սահմանների շրջանում Ադրբեջանը իր զինված ուժերը փոխարինեց սահմանապահ զորքերով: Դրանից հետո միջնորդները կոչով հանդես եկան՝ կողմերին պատրաստել իրենց հանրությունների «խաղաղության»:
Պարզ էր, որ այս կոչը հիմնականում ուղղված էր հայկական կողմին, քանզի միջնորդների կողմից, և մասնավորապես Բոլթոնի կողմից, կոչեր էր հնչում հենց Փաշինյանին՝ կատարելու «համարձակ քայլեր»: Թե ինչպիսին պետք լինեին այդ քայլերը, կարելի էր կռահել: «Կազանն» ու «Լավրովյան» ծրագիրը մերժած Ադրբեջանն ավելին էր ուզում Հայաստանից: Պարզ էր, որ խոսքը գնում էր հետևյալի մասին՝ կհամաձայնվի՞ Փաշինյանը օրակարգից հանել Ղարաբաղի վերջնական կարգավիճակը, թե՝ ոչ: Ընթացող բանակցությունները ցույց տվեցին, որ Փաշինյանի պատկերացումները խիստ հեղհեղուկ էին ու լղոզված, որն էլ պատճառ դարձավ ադրբեջանցիների լավատեսության համար:
Պարզվում է, որ ըստ ադրբեջանական և ռուսական լրատվամիջոցների հրապարակումների, հայկական կողմը բանակցել է «խաղաղություն կոմունիկացիաների բացման դիմաց» բանաձևի շուրջ: Եվ հենց դրա պատճառով էին ադրբեջանցիները դարձել «լավատես»: Դա հաստատում էին նաև միջնորդների արձագանքերը: Պարզ է, որ ողջ աշխարհն Ադրբեջանի հետ միասին Փաշինյանի հետ թատրոն չէին խաղում: Նրանք լուրջ էին վերաբերվում Փաշինյանի խոստումներին, և դրա համար էլ սահմանում խաղաղություն էր տիրում, զորքերն էլ փոխարինվում էին սահմանապահ զորքերով: Այս ամեն ինչը գին ուներ:
Սակայն վերջին շրջանում, հայ հասարակության ակտիվացումն ու ղարաբաղցիների մտահոգության դրսևորումների արտացոլումները վախեցրին Փաշինյանին: Իսկ նրա վարկանիշի սրընթաց անկումը, կապված պարգևատրումների և մի շարք այլ խնդիրների հետ, ի ցույց դրեցին, որ նա այլևս չունի վստահելի մանդատ՝ Ղարաբաղի հարցում «համարձակ քայլ» կատարելու համար: Կարելի է ասել, որ Բոլթոնն ու ադրբեջանցիները այս հարցում «ուշացան»:
Փաշինյանը Եվրոպայում հանդիպումների ընթացքում առիթը բաց չթողնելով նշեց, որ «ինքը չի բանակցել՝ խաղաղությունն անվտանգության դիմաց, բանաձևի շուրջ, որ իր համար կարգավիճակի խնդիրը առաջնային նշանակություն ունի»:
Հասկանալի է, որ Փաշինյանը ստիպված էր «հետ քայլ կատարել», թեև ինքը դա երբեք չի խոստովանի:
Հասկանալի էր նաև, որ Ադրբեջանի կողմից տրամաբանական արձագանք պիտի լիներ, և այն չուշացավ: Անցած ուրբաթ, ելույթ ունենալով իշխող կուսակցության առջև, Իլհամ Ալիևը առիթը բաց չթողնելով փաստացի պատասխանեց Փաշինյանին՝ նշելով, որ Ադրբեջանի ռազմավարական նպատակը «միշտ եղել է և կա՝ Զանգեզուրի և Երևանի գրավումը»: Ըստ Ալիևի, Հայաստանը որպես պետություն արհեստածին է ստեղծվել, իբր՝ «Արևմտյան Ադրբեջանի նախկին տարածքների վրա»:
Փաստացի Ալիևը իր այս հռետորաբանությամբ վերադարձավ անցած մեկ տարվա ժամանակաշրջանին, երբ կրկնեց նույն թեզերը:
Ի՞նչ է սա նշանակում
Ալիևի այս հին հռետորաբանության վերադարձը նշանակում է, որ վերջին բանակցային գործընթացները փաստացի տապալման եզրին են գտնվում, սակայն մեզ համար՝ դիվանագիտական տեսանկյունից շատ ավելի վատ պայմաններում:
Հիմնավորենք այս պնդումը:
Առաջին
Սերժ Սարգսյանի ժամանակ Ալիևը նույն հռետորաբանությունն էր օգտագործում, սակայն այդ ժամանակ միջնորդների առաջարկների մերժողի դերում Ալիևն էր, ոչ թե՝ Հայաստանի ղեկավարը:
Երկրորդ
Այն ժամանակ չկար Բոլթոնի ծրագիր, և դա նշանակում էր, որ Վաշինգտոնի համար այն ժամանակվա Ալիևի հռետորաբանությունը հիմնավոր չէր: Փաշինյանի կառավարման ժամանակահատվածում ամերիկացիները հույս էին ստացել Փաշինյանից, որ նա գնալու է «համարձակ քայլերի», ինչից այսօր հրաժարվում է: Իսկ դա նշանակում է, որ Ալիևի այսօրվա հոխորտանքը Հայաստանի հարսցեին՝ «հասկանալի է ամերիկացիների համար»:
Երրորդ
Սերժ Սարգսյանի իշխանությունը լավ հարաբերություններ ուներ Մոսկվայի հետ: Երևանի պահվածքը հասկանալի էր Մոսկվայի համար:
Այսօր Փաշինյանի հանդեպ Մոսկվայում կա խոր անվստահություն: Փաշինյանը, հրահրելով Խաչատուրովի գործը, փաստացի վարկաբեկեց ՀԱՊԿ-ը /ըստ ռուսների՝ միտումնավոր, թե ոչ՝ այլ հարց է/, սկսեց հետապնդել Պուտինի ընկերոջը՝ Քոչարյանին՝ նրան մեղադրելով 2008-ին ներքաղաքական խնդիրներում բանակի ներքաշման մեջ: Սակայն նույն բանի համար՝ 1996-ին, Լևոն Տեր-Պետրոսյանի հանդեպ նման մեղադրանք չկա, քանզի Տեր-Պետրոսյանը Փաշինյանի քաղաքական գործընկերն է, ինչը և հուշում է, որ Փաշինյանի կողմից Քոչարյանի հանդեպ կիրառվում է քաղաքական վենդետա:
Չորրոդ
Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի «և-և»-ի քաղաքականությունն այսօր փաստացի փոխարինվել է Փաշինյանի կողմից «ոչ-ոչ»-ի քաղաքականությամբ: Իսկ այդ հանգամանքը հրաշալի հիմք է տալիս Իլհամ Ալիևին՝ նոր պատերազմական գործողություններ սկսել Հայաստանի դեմ, քանզի երբևէ արտաքին ոլորտում այսքան ոչ բարենպաստ իրավիճակ Երևանի համար չի եղել:
Եզրակացության գալով այս ամենից նշենք, որ ցանկացած ժողովուրդ իր սխալների համար պետք է վճարի, քանզի դա բնության ամենաարդար օրենքներից մեկն է: Պարզապես մեզ թվում էր, թե մենք մեր գինը արդեն վճարել էինք 1915-ին: Սակայն պարզվեց, որ մենք այդ գինը վճարելով՝ մինչև վերջ չէինք հասկացել դրա իմաստը:
Եթե մենք ռաբիս մակարդակից վեր չբարձրանանք և չդառնանք պատասխանատու պատկերացումներով ժամանակակից ազգ, ապա մենք դրա համար կվճարենք էլ ավելի թանկ գին, և Ալիևի երազանքը կդառնա իրականություն, ինչպես որ ժամանակին երիտթուրքերի երազանքները փաստացի կյանքի կոչվեցին, և նրանք հասան իրենց նպատակին՝ մաքրելով Անատոլիան հայկական տարրից:
Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Հետևե՛ք մեզ Telegram-ում