Պետրոս Ղազարյանը բացահայտեց մեր վերլուծաբանների ընդհանուր պատկերացումները խաղաղության և արցախյան խնդրի լուծման մասին. Տեսանյութ

Այս թեմայով
- Փաշինյանը պատրաստվում է խլե՞լ խոշոր սեփականատերերի ունեցվածքի 70 տոկոսը (Տեսանյութ)
- Վանեցյանը Փաշինյանի, Քոչարյանի, Պուտինի և Ֆրեյդի արանքում է հայտնվել.Տեսանյութ
- Վաշինգտոնը դեղին քա՞րտ է ցույց տալիս Փաշինյանին.Տեսանյութ
- Հայաստանում հանքարդյունաբերության ռիսկերն ու առավելությունները. տեսակետների խաչներուկ
Երբ մենք դժգոհում ենք, թե ինչու իշխանությունը չունի հստակ դիրքորոշում այս կամ այն խնդրի շուրջ, ենթադրում ենք, որ այդպիսի հստակ դիրքորոշոմը հանրությանը հայտնի է, պարզապես իշխանությունը թերանում է իր աշխատանքներում: Երբեմն բաց հրապարակային հարթակներում տարբեր տեսակի գործիչների խոսքից պարզվում է, որ այդ խնդիրների մասին աղոտ պատկերացումներ ունեն ոչ միայն իշխանությունները, այլև նրանց քննադատողները:
Օրինակ, հանրային հեռուստաընկերության՝ անցած կիրակնօրյա «Հանրային քննարկում» հաղորդմանը մասնակցած վերլուծաբանների տեսակետները լսելիս հասկացանք, որ շատ հարցերի պատասխաններ չունեն ոչ միայն իշխանությունը, այլև նրան քննադատողները: Օրինակ, Պետրոս Ղազարյանի այն պարզ հարցադրմանը, թե ինչպիսին պետք է լինի պետության վերաբերմունքը ադրբեջանցիների նկատմամբ, շփոթության մեջ գցեց այդ հաղորդման մասնակիցներին: Հիշեցնենք, որ հյուրի կարգավիճակով այդ հաղորդմանը մասնակցում էին վերլուծաբան Հակոբ Բադալյանը, «Երկիր մեդիա»-ի լուրերի և քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը, ԱԺ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը և Երևանի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:
Այդ հարցադրումը Գեղամը համարեց արհեստածին, իսկ Ռուբեն Ռուբինյանը ավելի օրիգինալ էր ուզում թվալ, նշելով, որ իբր արհեստածին է ոչ միայն հարցը, այլև պատասխանը: Փաստորեն ստացվեց, որ այդ հարցադրման գլխավոր մեղավորը... Պետրոսն էր, ով նման «անհարմար» հարցեր էր տալիս:
Բայց Պետրոսը համառ էր, նա պնդում էր, որ օրինակ Ադրբեջանն ունի հստակ մոտեցում այդ հարցին: Նրանց պետական քարոզչության հիմնական թիրախը հայերն են: Նրանք, մանկապարտեզից սկսած, դպրոցով ու բուհով քարոզում են, որ հայերն են իրենց գլխավոր թշնամին: Արդյունքում, նույնիսկ ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիների մուտքը Ադրբեջան արգելված է: Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի դիրքորոշումը այդ հարցում՝ Պետրոսի անմեղ հարցդրմանը հաղորդման հյուրերը ջղաձիգ պատասխաններ էին տալիս: Ռուբեն Ռուբինյանը ընդհանրապես չէր հասկանում, թե ինչի պետք է պետությունը ունենա այդպիսի դոկտրին: Հակոբ Բադալյանի մոտեցումը այդպես էլ պարզ չդարձավ, իսկ Գեղամը ամոթխած դեմքով նյարդայնանում էր, թե ինչու՞ մենք պիտի հանդուրժենք ադրբեջանցիներին, երբ նրանք մեզ բացահայտ թշնամի են համարում:
Անկեղծ ասած, այս քննարկումից պարզ դարձավ, որ ամենաադեկվատը վարողն էր՝ Պետրոսը, ով բնական հարցադրում էր հնչեցնում, թե որը պիտի լինի պետության դիրքորոշումը այդ հարցում և որի պատասխանն այդպես էլ այդ տաղավարում չստացավ:
Քանի որ այդ հարցադրումը արդիական է, ապա մենք փորձենք պատասխանել, մանավանդ, որ դրանով օգուտ կտանք Ռուբեն Ռուբինյանին ու նրա ընկերներին:
Եթե նրանք քայլելուց բացի նաև մի քիչ գրքեր կարդալ սովորեին և նույնիսկ հասկանային կարդացածը, ապա գոնե պիտի ուսումնասիրեին այս հարցը և ունենային համակարգված մոտեցում:
Ինչպիսին պիտի լինի պետական դոկտրինն այս հարցում
Բնական է, որ ի տարբերություն Ադրբեջանի, մենք չենք կարող պետական մակարդակով թշնամություն սերմանել հասարակ ադրբեջանցիների հանդեպ: Բայց պետք է ներկայացնենք Ադրբեջանի պետական կառավարման համակարգի իրական բնույթը, որպես նացի-ֆաշիստական ռեժիմի, որտեղ ատելության հիմնական թիրախը հայերն են: Մենք պետք է բացահայտենք այդ ռեժիմի վտանգավորության աստիճանը Հայաստանի ու Ղարաբաղի համար: Քանզի այդ ռեժիմը իր բոլոր ձախողումների պատճառը դարձրել է հայերին, ինչպես որ նացիստական Գերմանիայում այդ դերը վերապահված էր հրեաներին: Խաղաղություն քարոզել կենցաղային մակարդակով ադրբեջանցիների հետ նորմալ երևույթ է, բայց միաժամանակ պետք է նշել, որ այդ խաղաղությունը հնարավոր կլինի ապահովել միմիայն երկու հայկական պետությունների անվտանգությունը ապահովելու դեպքում: Դա չի նշանակում, որ մենք փաստացի մերժում ենք խաղաղ գոյակցությունը երկու ժողովուրդների միջև: Պարզապես միշտ պետք է հիշեցնենք, թե որ պայմանների դեպքում է դա հնարավոր:
Ավելին, շարքային ադրբեջանցիներին նույնպես մեր քարոզչությունը պետք է ուղղված լինի, քանզի ազատվելով ազգայնական մոլուցքից՝ հետո միայն հնարավոր կլինի իսկական հարևանություն սկսել երկու ժողովուրդների միջև: Մենք միշտ պետք հիշենք, որ խաղաղ գոյակցությունը նրանց հետ հնարավոր կլինի միայն թույլ ադրբեջանական պետական կառուցվածքի դեպքում: Ինչպես որ օրինակ, թույլ պաղեստինյան միավորման պարագայում է պահպանվում խաղաղ գոյակցությունը Իսրայելի ու պաղեստինցիների միջև: Իսրայելը իր հանրությանը համոզել է, որ միմիայն այդպիսի միավորման հետ է հնարավոր պահպանել խաղաղությունը: Իսկ շարքային արաբների հանդեպ թշնամանք սերմանելը կոնտրպրոդուկտիվ է: Ավելին, Իսրայելի բնակչության մոտ 20 տոկոսը արաբներ են: Ավելին, Իսրայելի խորհրդարանում կան արաբ պատգամավորներ: Ավելին, արաբերենը նույնիսկ պետական լեզվի կարգավիճակ ունի: Բայց այդ ամենը հրեաները ձևավորել են իրենց անվտանգությունը երաշխավորելուց հետո:
Ժամանակակից իսրայելական պետության դոկտրինին արաբների հանդեպ եթե, օրինակ, Ռուբինյանը ծանոթ լիներ, ապա Պետրոսի հարցադրումը չէր գնահատի որպես «արհեստածին», քանզի փողոցներում տուն-տունիկ խաղալը հեշտ է, պետություն կառուցելն է դժվար, քանզի դրա համար մի քիչ գիտելիք է անհրաժեշտ և քրտնաջան աշխատանք, որից հետո պարզ կլինի, որ Պետրոսի հարցադրումը մի բան էլ ուշացած է:
Սա է իրականությունը:
Դավիթ Մկրտչյան
Հետևե՛ք մեզ Telegram-ում