Որոշ շինարարներ նաև «սև ցուցակներում» են հայտնվելու․ Հ․ Արշակյանը՝ ճանապարհային շինարարության որակի մասին
«Համայնքային ճանապարհների հետ կապված Ձեր հանձնարարականը ստացել ենք, պարոն վարչապետ, և «Հայավտոճանի» լաբարատորիան գնացել ու ստուգել է մարզերը՝ ճանապարհային մասով»,- այսօր Կառավարության նիստին նման հայտարարության արեց ՏԿՏՏՆ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը՝ նկատելով, որ մանրամասն հաշվետվություն կա, որը կներկայացվի վարչապետին։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան էլ հետաքրքրվեց, թե որակի առումով ի՞նչ պատկեր կա, արդյոք խնդիրներ հայտնաբերվե՞լ են։ Հակոբ Արշակյանն էլ հստակ արձանագրեց, որ, այո՛, խնդիրներ կան։
Ինչ վերաբերում է անելիքներին, Հակոբ Արշակյան ասաց․ «Ընդհանրապես, այս տարի աննախադեպ չափի ու քանակի պահումներ են իրականացրել ճանապարհային շինարարության ոլորտում, և դեռ իրականացնելու ենք։ Որոշ շինարարներ նաև սև ցուցակներում են հայտնվելու։ Իրավական ընթացակարգերով շուրջ 300 մլն դրամի միայն ճանապարհը նորից վերանարոգվել է, այսինքն՝ ամբողջ վերին շերտ նորից վերանորոգվել է։ Բայց կարող եմ ասել, որ որակական կտրուկ աճ ունենք, սակայն դեռևս բավարար չէ»։
Նիկոլ Փաշինյանն էլ շեշտեց, թե սա կարևոր է, քանի որ զգալի գումարներ են ծախսվում։ Նրա խոսքով, եթե ճանապարհի վերանորոգումից հետո այն չի սպասարկվում նախատեսված չափով, նշանակում է, որ ճանապարհների խնդիրը երբեք չի լուծվի։
«Այստեղ պետք է լինի ամենաբարձր ստանդարտները, որևէ կոմպրոմիս այստեղ չպետք է լինի։ Ձեզ հայտնի ժամանակներից հայտնի է, որ ճանապարհներն ամենալավն տեղն են կոռուպցիայի համար, սակայն սա պետք է արմատախիլ անել, քանի որ ճանապարհները ստրատեգիական նշանակություն ունեն»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ցանկացած չարաշահման մասին պետք է հայտնել իրավապահ մարմիններին։
Հակոբ Արշակյանն էլ արձանագրեց, որ ներդրվում են ինստիտուցիոնալ մեխանիզմներ, որոնք կլուծեն համակարգային խնդիր՝ խոսքը թվային քարտեզի մասին է, որտեղ հատվածական տրվում են ամբողջ շինարարական պատկերը։ Նրա խոսքով՝ մաքրման աշխատանքների մեխանիզմներ են նաև մշակվել, որը կերկարացնի ճանապարհների կյանքը։
Նիկոլ Փաշինյանը նախարարի պաշտոնակատարից հետաքրքրվեց, թե միջպետական ճանապարհների սպասարկման առումով նախապատրաստական ինչ աշխատանքներ են արվել: « Մենք պատրա՞ստ ենք սեզոնին, թե էլի ձյունը անսպասելի է գալու»,- հարցրեց Փաշինյանը։
Նախարարի պաշտոնակատարն էլ պատասխանեց․ «Պատրաստ ենք, պարո՛ն վարչապետ»։
ԱԻՆ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյան էլ հավելեց, որ բարդ տեղերում ԱԻՆ-ը կտեղակայի իր աշխատակիցներին։
Zham.am