Գյումրեցի կնոջ մահվան մեջ մեղադրվող ռուս զինծառայողը կդատվի հայկական դատարանում
Գյումրիում դեկտեմբերի 2-ին 57-ամյա կնջը դաժան ծեծի ենթարկած 102-րդ ռուսական ռազմաբազայի ռուս զինծառայողը պետք է դատապարտվի հայկական դատարանում, այսօր Ծաղկաձորում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Հիշեցնենք, որ ստացած մարմնական վնասվածքների հետեւանքով կինը հիվանդանոցում մահացել է:
«Մարդասպանը չունի ազգություն, չունի պատկանելություն, այս կամ այն մասնագիտությանը, մարդասպանը մնում է մարդասպան և պետք է դատապարտվի», - հավելեց Վանեցյանը։
Հարցին, թե պետք է դատապարտվի Հայաստանի դատարանի կողմի՞ց, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. «Այո, եթե սպանությունը կատարվել է Հայաստանի տարածքում, պետք է դատապարտվի Հայաստանի դատարանի կողմից»։
Նշենք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր քննչական մարմնի միջնորդությունը և կալանավորել ռուսական 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայողին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով՝ դիտավորությամբ առողջությանը ծանրմարմնական վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը։